Դերասանուհի Անի Ղազարյանին հանդիսատեսը ճանաչեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի շնորհիվ: Նա, ի տարբերություն շատ դերասանուհիների, որոնց համար սկզբունքային է կադրում անհիմն «պուպուշ» երևալը, հանուն ֆիլմի՝ առանց կաշկանդվելու և երկմտելու, սափրել էր գլուխը: Սակայն պետք է նշել, որ Անիի դերակատարումը «Վարդապետի լռությունը» ֆիլմում աչքի էր ընկնում ոչ թե սափրած գլխի, այլ կերպարը լավագույնս բացահայտելու և մատուցելու շնորհիվ:
2015թ. Անին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»: 2017-ի սկիզբն Անիի համար սկսվեց մեծ հետաքրքրություն առաջացրած «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայով: Անիի գեղեցիկ կարգավիճակը պրեմիերայի օրը չէր կարող վրիպել հանդիսատեսի և լրագրողների աչքից: Դերասանուհին շուտով երկրորդ անգամ կմայրանա: Եվ քանի դեռ Անին ծննդատուն գնալու ցանկություն՝ կարիք, դեռևս չի զգում, որոշեցինք զրուցել նրա հետ:
– Երբ դիտում էիք «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը, չկա՞ր թաքուն ափսոսանք, որ լավ կլիներ՝ առաջին ֆիլմում խաղալ:
– Առաջին ֆիլմն իր դերաբաշխմամբ այնքան ամբողջական ու լիարժեք է ինձ համար, որ չեմ պատկերացնում ինձ այնտեղ որևէ մեկին փոխարինելիս: Ինձ և երկրորդ ֆիլմի դերասաններին ավելի բարդ աշխատանք էր սպասվում՝ շարունակել ստացված և սիրված հերոսներին մարմնավորել: Այդ ամենը շատ պատասխանատու և, այդ ամենի հետ, աննկարագրելի մասնագիտական պրոցես էր:
– Կարելի՞ է ասել, որ Վ. Չալդրանյանի «Վարդապետի լությունը» ֆիլմում նկարահանվելը Ձեզ համար տրամպլին դարձավ:
– Միանշանակ՝ այո: Դա իմ առաջին դերն էր կինոյում, և ես մասնագիտական իմ առաջին փորձը կինոյում հենց այդ ֆիլմի շնորհիվ եմ ձեռք բերել: Ցավոք, ֆիլմը շատ հանդիսատես չունեցավ, սակայն իմ մասնագիտական շրջանակում կերպարս կարծես թե սիրվեց, ինչի արդյունքում հետագա քայլերս ավելի զգույշ ու կշռադատված դարձան:
– Անի, լուսանկարներում երբեք կամ գրեթե երբեք չեք ժպտում: Ինչո՞ւ: Տեսակով տխո՞ւր եք:
– Ճիշտ եք նկատել՝ հոլիվուդյան ժպիտն իմը չէ: Բայց չէի ասի, թե տեսակով տխուր եմ, հակառակը:
– Շուտով կծնվի Ձեր երկրորդ բալիկը: Նա և՞ս մասնակցել է նկարահանմանը՝ մայրիկի սրտի տակ:
– Ոչ, նկարահանումների ժամանակ բալիկս դեռ չկար:
– Ունե՞ք ասելիք սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներ անող կանանց:
– Մարմնիս ամեն բջիջով դեմ եմ այդ արարքին: Չեմ հասկանում և չեմ ընդունում այդ քայլը: Ես ոչ ոքի մեղադրելու իրավունք չունեմ, իհարկե, բայց ինքս երբեք չեմ անի դա:
– Արվեստի բնագավառի՝ հատկապես հայ կանայք, հաճախ ստիպված են լինում ընտրություն կատարել՝ կամ բեմ, կամ ընտանիք: Ձեզ երբևէ նման ընտրության առջև դրե՞լ են:
– Բարեբախտաբար, իմ առջև երբեք չի դրվել այդ ընտրությունը, և հուսով եմ՝ չի էլ դրվի:
– Վերադառնանք ֆիլմին: Որքանո՞վ է կարևոր այս դերակատարումը Ձեզ համար:
– Գերագույն հաճույք էր՝ աշխատել այդ թիմի հետ, աշխատել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ: Կարևոր էր, քանի որ, ի վերջո, դերասանների միջոցով է երևում ողջ թիմի աշխատանքը: Պետք էր պատվով դուրս գալ այդ պատասխանատվությունից: Չգիտեմ` որքանով է դա ստացվել, բայց ամեն դեպքում, լավ արդյունքի ցանկությունը մեծ էր:
– Հատկապես հիշարժան է ֆիլմում Ձեր հերոսուհու՝ «Նախկին հերոսները երկրի գլխավոր գռփողներն են դարձել» արտահայտությունը: Համամի՞տ եք այդ կարծիքի հետ, թե՞ ամեն դեպքում շատ ավելի հավանական է, որ այսօրվա գռփողը պատերազմի տարիներին էլ առիթը բաց չի թողել՝ գռփելու համար:
– Միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Բոլոր տեսակի մարդիկ էլ կան:
Եվ այնպիսիները, որոնք պատերազմի տարիներին էլ են գռփել ու շարունակում են մինչ օրս: Եվ այնպիսիք, որ կյանքի ընթացքում են այդպիսին դարձել, և այնպիսիք, որ ամբողջ կյանքում տականք են եղել, բայց հերոսացել են պատերազմի տարիներին: Ի դեպ, վերջին արտահայտությունը ֆիլմից ցիտեցի:
– Ֆիլմից հետո սովորաբար կոլեգաները միմյանց միայն դրական կարծիքներ են հայտնում՝ անկեղծ կամ ոչ այնքան… Դուք կարողանո՞ւմ եք տարբերել սիրալիր բարի խոսքերն անկեղծ հայտնած գնահատականից:
– Կարծում եմ՝ ունեմ այդ ունակությունը և կարողանում եմ տարբերել կեղծն անկեղծից:
– Գաղտնիք չէ, որ մինչ այդ միայն երազանք հանդիսացող վրա հասած ճանաչելիությունից շատերն ուղղակի «կորցնում են իրենց»: Ի՞նչ է Ձեզ համար ճանաչելիությունը:
– Կարծում եմ՝ ոչ մի արվեստագետ ապահովագրված չէ աստղային հիվանդությունից: Ուղղակի կարևոր է կարողանալ կառավարել այդ վիճակը և չթողնել, որ այն կուլ տա քեզ: Կարևոր է կողքիդ ունենալ այնպիսի մարդկանց, ովքեր քեզ հետ կբերեն իրականություն: Իսկ ճանաչելիությանը շատ լավ եմ վերաբերվում: Չէ՞ որ դերասանն աշխատում է, կերպար է կերտում թատրոնում, կինոյում՝ հանդիսատեսի համար, որ գան, նայեն, գնահատեն աշխատանքն ու ճանաչեն դերասանին:
– Ո՞րն է այն գիրքը, որն ամենից շատ է տպավորվել և մեծ ազդեցություն է թողել Ձեր աշխարհընկալման մեջ:
– Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»:
– Ի՞նչ նախագծերում կտեսնենք Ձեզ շուտով: Բեմի մասին չեմ հարցնում՝ հաշվի առնելով Ձեր գեղեցիկ կարգավիճակը:
– Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ մասնագիտական դադարի մեջ կլինեմ:
Քրիստինե Մարտիրոսյան