Շերիլին Սարգիսյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին, 1946-ին, Էլ Սենթրո քաղաքում, (Կալիֆորնիա)։ Հայրը՝ Ջոն Փոլ Սարգիսյանը, ամերիկահայ բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթ (ծնված՝ Ջաքի Ջին Քրաուչ) դերասանուհի էր, ով բնիկ ամերիկյան (Չերոկի), անգլիական և ֆրանսիական ծագում ուներ։ Շերի ծնողները բաժանվել են, երբ նա փոքր էր։
Ունի մեկ քույր։ Շերը իր հայրիկին տեսել է, երբ ընդամենը տասնմեկ տարեկան էր։
Մինչև նրա ծնունդը ծնողները՝ դերասանուհի Ջորջիա Հոլտն ու ազգությամբ հայ Ջոն (Կարապետ) Սարգսյանը, երեք անգամ փորձել են դասավորել համատեղ կյանքը, բայց ապարդյուն: Միասին ապրելու վերջին փորձը նրանք կատարել են մինչ Շերիլինի ծնունդը: Վերջինս ապրել է մոր հետ և միայն 11 տարեկանում է առաջին անգամ տեսել հորը:
80-ականների կեսին, երբ հայրը մահացել է, Շերը խոստովանել է, որ բացարձակ չէր ճանաչում նրան և իր համար դժվար է գնահատել կորստի ողջ ցավը:
Ասում են՝ Շերը միշտ էլ վստահ է եղել իր գալիք հաջողությունների հարցում, և դեռ մանկուց նա պատրաստել է ստորագրությունը, որ հետագայում պիտի տար երկրպագուներին:
Հենց սա է պատճառը, որ արդեն 16 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոս-Անջելես. «Լինել անչափահաս, որին բոլորը ինչ-որ բան են պարտադրում, շատ դժվար է: Ես ուղղակի ցանկացա ԵՍ լինել»:
Կարիերան Շերն սկսել է 17 տարեկան հասակում և, չնայած շոու-բիզնեսին «անհարիր» արտաքին տվյալներին, հասել է մեծագույն բարձունքների: Ոչ բոլոր հոլիվուդյան գեղեցկուհիներն ու սեքս-խորհրդանիշներն են սիրված մնում 50 տարի և ավել, իսկ Շերը ամուր է իր դիրքերում: Նրան համարում են փոփ-արվեստի խորհրդանիշ: Անգամ 2005-ին տված ընդմիջումը մոռանալ չտվեց նրան ու, 2008-ին վերադառնալով, Շերը ապացուցեց, որ անփոխարինելիներ այնուամենայնիվ լինում են:
Իսկ սկսվեց ամեն ինչ նրա և Սոնի Բոնոյի հանդիպումից, ով պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր: Սոնին թույլ տվեց Շերիլինին ապրել իր տանը՝ պայմանով, որ վերջինս պիտի մաքրեր տունն ու ճաշ պատրաստեր: Շերը համաձայնեց ու սկսեց խաբել մորը, թե ապրում է ընկերուհու տանը: Ասում են, երբ մայրն այցելում էր նրան, նա Սոնիի իրերը շպրտում էր պատուհանից: Շուտով հարաբերությունները խորացան, իսկ ավելի ուշ գրանցվեց զույգի ամուսնությունը: Մայրն ամեն ինչ իմացավ միայն այն ժամանակ, երբ նրանք միասին բեմ դուրս եկան: Սա էլ պատահմամբ եղավ, քանի որ այդ օրը Շերը հուզվում էր և խնդրել էր Սոնիին իր հետ բեմ դուրս գալ… Զուգերգը նույնպես հիանալի ստացվեց:
Մի խոսքով՝ Շերը սկսեց աշխատել Ֆիլ Սպեկտորի պրոդյուսերական կենտրոնում: Շուտով նա ձայնագրեց իր առաջին սոլո երգը՝ «Ringo I Love You»-ն, Բոնի Ջո Մեյսոն անվամբ, քանի որ Ֆիլը գտավ, որ Շերիլին անունը բնավ ամերիկյան չէ:
1965 թ-ին թողարկվեց Սոնի և Շեր զուգերգի առաջին ալբոմը’«Look at Us»-ը, որի առաջին սինգլը՝ «I Got You Babe»-ն ուղղակի անասելի հաջողություններ բերեց: Երկարամազ Սոնին ու ոչ մեկին չնմանվող Շերը… Սա հիպիների կերպար էր’ ստեղծված այս երգի համար ու անկրկնելի այդ տարիների ամերիկյան փոփ-արվեստում:
Շուրջ 10 տարի տևեց այս համագործակցությունը: 1974 թվականին զույգը բաժանվեց: Պատճառը Սոնիի դավաճանություններն էին: Ընտանիքը քայքայվելուն զուգընթաց քայքայվեց նաև ամենասիրելի դուետներից մեկը:
Բաժանությունից հետո Շերը երկար ժամանակ չկարողացավ ազատվել դեպրեսիայից: Նա սիրում էր Սոնիին և վախենում էր միայնությունից: Շուտով ամեն ինչ հունի մեջ ընկավ: Շերը, գործի դնելով ողջ հնարավորությունները, իբրև մենակատար վերադարձավ շոու-բիզնես’ ի տարբերություն նախկին ամուսնու, ում անունն այլևս ոչ ոք չլսեց:
Եվ չնայած սրան, Շերը այդպես էլ չմոռացավ Սոնիին: Նա անշուշտ կարևոր էր Շերի կյանքում: Հենց Սոնին էր նրա տաղանդի բացահայտողը, ով օգնեց աստղ դառնալ ու շատ բան սովորեցրեց: Տարիներ հետո, երբ Սոնին մահացավ, Շերը լուրջ ցնցում ապրեց. նա անկեղծորեն ու բարձրաձայն արտասվեց նախկին ամուսնու հուղարկավորության ժամանակ:
Այն, որ Շերը սիրել է ամուսնուն, վեր է կասկածներից, բայց ճշմարիտ է նաև այն, որ սիրեկանների պակաս էլ նա չի ունեցել: «Կինը կարող է սպասել, մինչ իր կյանքում կհայտնվի համապատասխան մեկը, բայց դա չի նշանակում, թե նա չի կարող լավ ժամանակ անցկացնել բոլոր անհամապատասխանների հետ»,- մի առիթով ասել է նա: Շերը բազմաթիվ սիրային պատմություններ է ունեցել հայտնի մարդկանց հետ:
Անդադար շրջագայությունները, համերգներն ու մամուլի ուշադրությունը իրենց հետքն են թողել Շերի ընտանիքի վրա: Նրա և Սոնիի դուստրը՝ Չեստիտին, 2010 թվականին սեռափոխության վիրահատություն կատարեց ու անվանափոխվեց Չեյզ: Հարցազրույցներից մեկում Շերը խոստովանեց, որ չի կարողացել իր երեխաների համար դառնալ այն մայրը, որ կուզեր. «Ինձ համար դժվար է ընդունել, որ աղջիկս տղա է դարձել…»:
Պլաստիկ վիրահատություններով աչքի է ընկնում նաև ինքը՝ Շերը: Նա համարվում է փոփ-արվեստում պլաստիկ վիրահատությունների թվով նա ռեկորդակիր: Երգչուհին երբեք էլ չի թաքցրել, որ կցանկանար կապուտաչյա շիկահեր լինել: Նա երբեք գոհ չի եղել իր բարձր հասակից, մաշկի մգությունից, մեծ գլխից, հաստ, սև մազերից:
Գուցե հենց սա է դրդել նրան շարունակ այցելել պլաստիկ վիրաբույժներին:
Իհարկե, նա երբեք չի ձգտել անճանաչելիության աստիճան փոխել իրեն: Շերը միայն ուղղել է քիթը, որ ահարկու էր համարում, կատարել է կրծքի ձգում: Մնացած վիրահատությունները միտված են երիտասարդ մնալուն:
Այս ամենին Շերը նորմալ է նայում և կարծում է, որ կարող է սեփական մարմնի հետ անել այն, ինչ ցանկանա. «Իմ մարմինն է… Կանեմ այն, ինչ ցանկանամ»: Այս միտքն է, որ պատասխանում է նրա սիրելի մեկ այլ զբաղմունքին ևս: Խոսքը դաջվածքների մասին է, որոնցից Շերը շատ ունի’ թիթեռ (ի նշան Սոնիից բաժանվելու), ծաղիկ, ադամանդ …
Ասում են, որ հիմա Շերն անցնում է այդ բոլոր դաջվածքները մաքրելու մի բավական թանկ ու ցավոտ գործընթացի միջով:
Հայուհի Շերը աշխարհահռչակ փոփ-երգչուհի է, երգահան, ռեժիսոր, պրոդյուսեր: Նա այն քչերից է, ում հաջողվել է իր մրցանակների շարքում միաժամանակ ունենալ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի», 3 «Ոսկե գլոբուս»’ ստացված կինո-երաժշտարվեստ-հեռուստատեսություն զուգահեռ աշխատանքների համար:
Նշենք, որ Շերը 90-ականների սկզբին եղել է Հայաստանում, ում ընդունել է անձամբ երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը երգչուհուն պատմել էր իր հարազատ Մուսա լեռան մասին: Կարծես ի պատասխան` երգչուհին բարձրաձայնել է հայրենի ակունքները ճանաչելու իր երազանքի մասին: Ինչպես արդեն նշեցինք, Շերն իր հարազատ հորը` Ջոն Սարգսյանին, տեսել է միայն 11 տարեկան հասակում:
Հայաստան կատարած այցից հետո ի հայտ եկան Շերի բազմաթիվ «ազգականներ»: Ամեն պարագայում, վարկածներն առկա են եւ առատ, ուստի ստորեւ ներկայացնում ենք դրանցից հերթականը, գուցե նաեւ` հավաստին. ժամանակը ցույց կտա:
Շերի հոր ծագման մասին առաջին վարկածի վերաբերյալ հոդված է տպագրել «168 ժամ» թերթը:
Ըստ հոդվածի` երեւանցի Վարազդատ Սարգսյանը պարզել է, որ ինքը Շերի հարազատ եղբայրն է: Ըստ Վ. Սարգսյանի` Ջոն Սարգսյանը մինչ Ամերիկա մեկնելն ապրել է Աբովյանի մերձակայքում գտնվող Ֆանտան գյուղում, ունեցել է ընտանիք եւ երեխաներ, հետո 40-ական թվականներին պատերազմ է մեկնել եւ անհետ կորել է: Վ. Սարգսյանը համոզված է, որ Ջոն Սարգսյանն իր հայր Թաղիանոս Սարգսյանն է:
ձախից` Թաղիանոս Սարգսյան, քույրը, Վարազդատ Սարգսյան |
Համընդհանուր մի միտումով կարծես հաստատվում է վարկածը, թե Ջոն Սարգսյանը ծնվել եւ մինչեւ 17-18 տարեկանը բնակվել է Հայաստանում: Միայն որտե՞ղ կոնկրետ` Աբովյանու՞մ, Ապարանո՞ւմ, թե՞ Նոյեմբերյանում. երեքը պնդողներն էլ կան: Վարկածի «մեխն» այն է, թե Ջոն Սարգսյանը Հայաստանից մեկնել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ: Այստեղից էլ մամուլում հայտնվող` զինվորական համազգեստով Ջոն Սարգսյանի լուսանկարները:
Կա մեկ այլ վարկած ևս. Ապարանցի Մանվել Սարգսյանը 2001թ.-ին մի օր հեռուստատեսությամբ առաջին անգամ դիտում է Շերի ելույթը եւ բացականչում. «Էս մեր Ռուզանը երգչուհի է դարձե՞լ»: Ռուզանը Շերի ենթադրյալ հորեղբոր թոռնուհին է: Սարսափելի նմանությունը եւ ազգանունների համընկնումն էլ հենց առիթ են տալիս Մանվել Սարգսյանին «անդամագրվել» Շերին փնտրողների «բանակին»:
Անմիջապես հիշում է, որ պատերազմ մեկնած եւ չվերադարձած իր վեց հորեղբայրներից մեկից` Կարապետ Սարգսյանից այդպես էլ «մահվան թուղթ» չի եկել: Հետագայում Մ. Սարգսյանի փնտրտուքները չեն հայտնաբերում Կարապետ Սարգսյանի «մահվան թուղթ»-ը ամենատարբեր արխիվներում: Փաստորեն, Կարապետ Սարգսյանը համարվում է անհայտ կորած:
(Կարապետ Սարգսյան քույրը` Մարգարիտ Սարգսյան) |
Ըստ Մանվել Սարգսյանի վարկածի` Շերի հայրը` Կարապետ Սարգսյանը, Ապարանի Շաշլու ( այժմ` Նորաշեն ) գյուղից էր:
Այս ամենը հաստատող միայն մեկ անձ է այժմ ողջ` Կարապետ Սարգսյանի եղբոր` Անուշավանի կինը` 87-ամյա Հեղինե տատը, որը ներկայումս բնակվում է Կոտայքի մարզի Արա գյուղում: Չնայած տարիների վաղեմությանը` նա լուսանկարներում անմիջապես ճանաչեց տեգորը` Կարապետին, եւ տալին` Մարգարիտին: Ըստ Հեղինե տատի` պատերազմ մեկնելուց հետո Կարապետ Սարգսյանից ոչ մի լուր չի եկել, այդ թվում` «մահվան թուղթ»:
Մեկ հետաքրքիր մանրամասն, որը փաստում է նաեւ Հեղինե տատը. Կարապետի մյուս եղբորը` Հովսեփին, ռուսները գնդակահարում են դասալքության փորձի համար: Այստեղից էլ Շերի առայժմ չհաստատված զարմիկ Մանվել Սարգսյանի ենթադրությունը, թե եղբոր սպանությունը տեսնելով` Կարապետը եւս դասալիք է դարձել եւ Եվրոպայով անցել ԱՄՆ: Սրանով է բացատրում Մ. Սարգսյանն այն իրողությունը, որ հորեղբայրը խուսափել է իր մասին երբեւէ իրազեկել հարազատներին. բոլորիս է հայտնի` ինչպես էին վարվում ԽՍՀՄ իշխանությունները դասալիքների ընտանիքների եւ անգամ գերդաստանների հետ: