Ժամանակակից կենսակերպը մարդկանց հիմնականում թույլ չի տալիս քնել ցերեկային ժամերին։ likeni.info կայքը գրում է, որ, եթե ժամանակ գտնեք ցերեկային ժամերին քնելու համար, կարող եք զգալիորեն լավացնել կյանքը։
Ցերեկային քունը կարող է լավացնել տրամադրությունը
Սերոտոնին հորմոնը, որը պատասխանատու է երջանկության զգացման համար, մեծ քանակով արտադրվում է, երբ քնած եք։ Այդ պատճառով էլ ցերեկային քունը մեծացնում է դրա արտադրությունը, ինչը ձեզ թույլ է տալիս ավելի հանգիստ և ինքնավստահ զգալ։
Ցերեկային քունը լավացնում է ստացված տեղեկատվությունը կառավարելու կարողությունը
Հետազոտություններից մեկի ընթացքում պարզվել է, որ մարդու արտադրողականությունը նվազում է, երբ ուղեղն առանց դադարի է աշխատում։ Երբ հետազոտության մասնակիցներին հնարավորություն էին տալիս 30 րոպեով քնել, արտադրողականությունը զգալիորեն բարձրանում էր։
Ցերեկային քունը կարող է բարձրացնել զգոնությունը
ՆԱՍԱ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ 40 րոպե քնած մարդկանց զգոնությունը բարձրանում էր 100 տոկոսով։ Ցերեկային քնի արդյունքը կարող է համեմատվել 200 միլիգրամ սուրճի ազդեցության հետ։
Ցերեկային քունը կարող է նկատելիորեն բարձրացնել ստեղծագործականությունը
Սա կարող է կապված լինել զգացմունքների սրման հետ, որոնք հայտնվում են լավ հանգստացած մարդու մոտ։
Լավ հանգիստը նպաստում է հիշողության լավացմանը
Օպերատիվ հիշողությունն ավելի լավ է, եթե լավ հանգստացել եք։ Ցերեկային քունը կօգնի լավացնել հիշողությունը։
Ցերեկային քունը կօգնի սրել զգայարանները
Կարճ ցերեկային քունը կարող է օգնել պահպանել հոտ, համ զգալու, տեսնելու, լսելու կարողությունները։
Ցերեկային քունն օգնում է կարգավորել ֆիզիոլոգիական առողջությունը
Վատ քնող մարդկանց օրգանիզմում մեծանում է կորտիզոլի մակարդակը։ Այս հորմոնը կապված է սթրեսի հետ, և դրա շատ բարձր մակարդակը կարող է հանգեցնել իմունային համակարգի վնասման և կամ այլ, օրգանիզմին անհրաժեշտ հորմոնների մակարդակի նվազեցման։ Քունն օգնում է ակտիվացնել հորմոնների արտադրությունը, որոնք հակազդում են այս հորմոնին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը