ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը այս ամիս կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոներում:
Ինչպես տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնից, Ռումինիայում մարտի 13-ին մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է Լավագույն ֆիլմ անվանակարգում:
Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է պրեմիերաներ արտամրցութային ծրագրում:
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանիքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
«Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնը թվով 13-րդ միջազգային փառատոնն է որին կմասնակցի ֆիլմը: