Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Ֆուլ Հաուս» սիթքոմի 6-րդ եթերաշրջանը: Եվ թեև նոր եթերաշրջանի առաջին սերիայի հեռարձակումից ընդամենը ժամեր են անցել, բայց արդեն համացանցում է հայտնվել դրա վերաբերյալ բասացական հրապարակում, որը վերնագրված է հետևյալ կերպ. «Ֆուլ Հաուս»-ը դարձրել են «հոր դյուքյան» ու ինչ ուզում անում են:
Asekose.am-ը կապ հաստատեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ՝ զրուցելու սիթքոմի նոր եթերաշրջանի և դրա վերաբերյալ առաջացած կարծիքների մասին:
«Դեռ արձագանքները դրական են, բացասական կարծիքներ չենք լսել»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը:
Իսկ թե ինչպե՞ս կմեկնաբանի Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատիրոջ վերոնշյալ գրառումը, Արմեն Պետրոսյանը նշեց.
«Ամեն մարդ ունի իր կարծիքը: Ես չեմ կարող ասել, որ նա ինչ ասել է, ճիշտ է: Դա ընդամենն իր կարծիքն է, անգամ չեմ ուզում երկար խոսեմ դրա մասին: Կարող է քսան հոգու սիթքոմը դուր գալ, իսկ երեքին՝ ոչ: Չի կարելի անել մի բան, որը բոլորին դուր կգա, դա ուղղակի անհնար է»,- նկատեց «Ֆուլ Հաուս»-ի պրոդյուսերը:
Հարցին, թե այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված Արփի Գաբրիելյանի նոր տեսահոլովակի պրեմիերան սիթքոմի նոր եթերաշրջանի մեկնարկի օրը հեռարձակելը, արդյո՞ք դա արված է հանուն ռեյտինգի, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ դրա համար կար երկու պատճառ.
«Նախ նշեմ, որ «Ծաղրածու» երգը վաղուց է, ինչ կար: Ի սկզբանե՝ այն բացարձակ կապ չպետք է ունենար «Ֆուլ Հաուս»-ի հետ: Հետո, երբ մենք հասկացանք, որ մեր առջև ունենք հստակ խնդիր՝ բացատրելու Լիկայի կերպարի հոգեվիճակն առաջին սերիայից հետո, հիշեցինք տվյալ երգի խոսքերը, ինչից հետո էլ հասկացանք, որ երգը լիովին համապատասխանում է Լիկայի հոգեվիճակին: Այդ ժամանակ որոշոցինք նկարահանել տեսահոլովակ և հենց դրա միջոցով նկարագարել Լիկայի ապրումները, զգացումներն իր սիրած տղայի՝ Արսենի հանդեպ: Այս դեպքում ես խոսում եմ զուտ սիթքոմի կերպարների մասին, այլ ոչ թե Արփիի և Միհրանի»,- պարզաբանեց Արմեն Պետրոսյանը:
Վերջինս զրուցի ընթացքում չցանկացավ բացել փակագծերը և պատմել, թե ինչպիսի նոր զարգացումներ կլինեն սիթքոմի նոր եթերաշրջանում.
«Կասեմ միայն, որ շատ նոր զարգացումներ կլինեն: Ունենք նոր կերպարներ, որոնք կհայտնվեն արդեն 3-րդ սերիայում: Դրա համար, որպեսզի մարդկանց ավելի հետաքրքիր լինի, չեմ ցանկանա այս պահին խոսել դրանց մասին»,- ասաց Արմենը:
Անդրադառնալով նաև այն բարձր վարկանիշին, որը հաջողվեց սիթքոմի անձնակազմին դնել ամենասկզբում և տարիների ընթացքում նաև պահպանել, Արմեն Պետրոսյանը նշեց, որ այդ ամենի համար շատ երկար աշխատանք է տարվում.
«Ամեն մի սերիայի վրա մենք աշխատում ենք բավական երկար ժամանակ՝ փորձելով ինչ-որ բաներով այն էլ ավելի հետաքրքրացնել: Իհարկե, գնալով դա դժվարանում է, բայց մենք անում ենք ամեն բան, որպեսզի հետաքրությունը պահպանենք, ինչպես նաև մաքսիմալ բարձր պահենք սիթքոմի որակը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը: