Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ
Advertisement 1000 x 90

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ

Վերջին մի քանի օրերի ցերեկային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում դիտված դրական ջերմաստիճանի պայմաններում սկսվել է գարնանային ձնհալը, ինչի արդյունքում Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի որոշակի ավելացմամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սևան թափվող գետերը մարտի 13-ի դրությամբ հոսել են իրենց միջին ելքերի սահմաններում: Այսպես՝ ամենաջրառատ համարվող Արգիճի գետի առավելագույն ելքը կազմում է 8,89 խորանարդ մետր վայրկյանում, նվազագույն ելքը՝ 1,35 խորանարդ մետր վայրկյանում: Մարտի 13-ին Արգիճիում ջրի ելքը կազմել է 3,68 խորանարդ մետր վայրկյանում: Գավառագետում առավելագույն ելքը համարվում է վայրկյանում 4,62 խորանարդ մետրը, նվազագույնը՝ վայրկյանում 2,17 խորանարդ մետրը: Մարտի 13-ին այստեղ ջրի ելքը կազմել է վայրկյանում 3,89 խորանարդ մետր: Ելքերի որոշակի ավելացում է նկատվել նաև Սևան թափվող այլ գետերում:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի մարտի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 49 սանտիմետր բարձրությամբ, ինչը 19 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ առայժմ ջուր չի տեղափոխվել: Սևանա լիճը հիմնականում շարունակում է մնալ սառցե կապանքների մեջ:

 

Խոսրով Խլղաթյան