Netflix ընկերությունը պլանավորում է վերականգնել և ավարտին հասցնել ամերիկացի ռեժիսոր Օրսոն Ուելսի չիրականացված նախագծերից մեկը՝ «Քամու մյուս կողմը» ֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Associated Press-ը:
Netflix-ը ձեռք է բերել կինոնկարի նկատմամբ իրավունքը, որը, նրա խոսքով, Ուելսն հասցրել է ավարտել 96 տոկոսով: Ժապավենի վրա աշխատանքը կգլխավորի պրոդյուսեր Ֆրենք Մարշալը, որը նաև մասնակցել է 1970 թվականին օրիգինալ նկարահանումներին:
«Քամու մյուս կողմը» ֆիլմի սցենարը գրվել է 1960-ական թվականների վերջին: Արտադրությունն սկսվել է 1970 թվականին, իսկ երկու տարի անց ռեժիսորը հայտարարել է նկարահանումների մոտալուտ ավարտի մասին, սակայն նախագիծը չի ավարտվել:
Ֆիլմում նկարահանվել են Ջոն Հյուսթոնը, Դենիս Հոփերը և Փիթեր Բոգդանովիչը:
Կինոնկարը Հոլիվուդի ծաղրապատկերն է և պատմում է մոռացված մի կինոռեժիսորի պատմությունը, որը ցանկանում է վերադարձնել երբեմնի փառքը:
Հավելենք, որ Օրսոն Ուելսը (1915-1985 թ.) հայտնի է այնպիսի ժապավեններով, ինչպիսիք են՝ «Շանհայցի լեդին», «Չարի կնիքը» ֆիլմերը: Նրա «Քաղաքացի Քեյնը» ժապավենը, կինոքննադատների վարկածով, գլխավորել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցուցակը: