Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը: Մեզ հետ զրույցում Սյուզին պատմել է երգարվեստում ու դիմահարդարման ասպարեզում իր առաջիկա անելիքների մասին:
«Ինչպես միշտ՝ նախապես շատ մանրամասներ չեմ ուզում հայտնել, քանի որ միշտ էլ նախընտրում եմ պատրաստի աշխատանք ներկայացնելուց հետո միայն խոսել, բայց իմ երկրպագուներին պետք է ասեմ, որ արդեն իսկ նոր աշխատանքի ծրագրեր կան: Մի նոր երգ կա, շատ գեղեցիկ, կրկին ավելի մեղեդայինին մոտ և շատ հետաքրքիր թեմատիկայով: Էմոցիոնալ ու ազդեցիկ երգ է, որի հեղինակներին դեռ չեմ բացահայտի. Ըստ իմ ծրագրերի՝ շուտով այն կներկայացնեմ հանրությանը»,- նշեց երգչուհին:
Մեր նկատառմանը, թե ինչո՞վ է պայմանավորված պարբարեբար մեկ աշխատանք ներկայացնելուց հետո երկարատև դադարները և արդյոք երգչուհին մտավախություն չունի այդ ընթացքում մոռացվել, պատասխանեց.
«Գիտակցում եմ, որ ժամանակ առ ժամանակ պետք է արդարացնեմ դադարներս, բայց նաև կարծում եմ, որ չպետք է անընդհատ էկրաններին երևալով հոգնեցնես մարդկանց: Եվ առհասարակ, կյանքում ևս անընդհատ ինչ-որ մի տեղ լինելը շրջապատին կարող է հոգնեցնել: Վստահ եմ, որ իմ երկրպագուները ինձ չեն մոռանա, նրանք միշտ ինձ հետ են, որի համար անչափ շնորհակալ եմ: Սա վստահ եմ ասում, քանի որ միշտ հետաքրքրվում են ու հայտնում, որ սպասում են»:
Սյուզի Մելիքյանը շարունակում է աշխատել դիմահարդարման արվեստում ևս.
«Այս ոլորտում ևս անընդհատ փորձում եմ կատարելագործել գիտելիքներս ու կարողություններս: Հիմա ծրագրեր ունեմ բացի դասավանդելուց, նաև ինքս վերապատրաստվել, իսկ թե ո՞ւմ մոտ, կհայտնեմ ավելի ուշ: Որպես դիմահարդար՝ ես արդեն շատ հաճախորդներ ունեմ, ովքեր վստահում են ինձ ու մենք միշտ լավ և գեղեցիկ արդյունքներ ենք գրանցում»,- նշեց նա:
Հետաքրքրվելով, թե ի՞նչ արժե Սյուզի Մելիքյանի մոտ դիմահարդարվելը, երգչուհի-դիմահարդարը չթաքցրեց և խոսեց նաև այդ մասին.
«Նախ այս հարցի շուրջ պետք է նշեմ, որ ես բացառաես բարձրորակ նյութերով եմ աշխատում: Այս պահին ինձ մոտ դիմահարադվելը սկսվում է 10.000 դրամից ու հասնում մինչև 30.000-ի՝ կախված ամենօրյա, հարսանյաց և այլ դիմահարդարումների տեսակներից: Միաժամանակ, արդեն իսկ ծրագրեր ունեմ, գնային քաղաքականության շրջանակում համակարգ մշակել, որը ավելի մատչելի կարող է դարձնել սպասարկումը՝ մեր աղջիկների ու կանանց համար, սակայն պետք է նշեմ, որ մատչելիությունը որևէ կերպ չի ազդի օգտագործվող նյութերի որակի վրա»,- ավարտեց նա: