Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի և սյուների որմնանկարներն ավարտուն տեսքի են բերվել:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ընթացքի մեջ են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները:
Ի տարբերություն նախկինի, բացի խորանի որմնանկարից, որը լավ պահպանվել է, եկեղեցին զարդարում է նոր՝ «Ամենափրկիչ» որմնանկարը: Ավելի քան 38 մետր բարձրության վրա, անմիջապես գմբեթի տակ, որմնանկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ բազմած չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքևում հրեշտակներ ու հրեշտակապետեր և չորս քերովբեներն են:
Բացի այդ, թմբուկի տակ, անկյուններում 4 ավետարանիչներն են պատկերված: Ստեղծագործության հեղինակը՝ որմնանկարիչ Լևոն Զաքյանը, ով նաև զբաղվում է մանրանկարչությամբ, որմնանկարի մեջ ներառել է հայկական մանրանկարչության տարրեր:
Հեղինակը հիմնական շեշտը դրել է կարմրի, կապույտի, ոսկեգույնի ու շատ քիչ նաև կանաչի երանգների վրա՝ հայկական մանրանկարչությանն համահունչ: Աշխատանքը բավական բարդ է, բայց ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրեց որմնանկարի հեղինակը՝ այս եկեղեցին մեծ ուժ ու էներգետիկա ունի, ինչն էլ ավելի է հեշտացնում աշխատանքը: Լևոնին աշխատանքում օգնում է գործընկերը՝ Վահագն Հովհաննիսյանը: Աշխատանքներին պարբերաբար հետևում են թեմակալ առաջնորդն ու Վարդան Ղուկասյանը:
Անմիջապես գմբեթի տակ «Սբ. Ամենափրկիչ»-ը, ինչպես որմնանակարի հեղինակներն անվանել են որմնանկարը, առանձնանում է ոչ միայն հայկական մանրանկարչությանը բնորոշ պատկերներով ու գունային լուծումներով, այլև նախշերով, իսկ մի քիչ ավելի ներքև՝ 20 մետր բարձրության վրա՝ 4 սյուներին, ավետարանիչներն են՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես՝ ընդունված համապատասխանաբար չորս սիմվոլիկաներով՝ Մատթեոս՝ մարդ՝ հրեշտակակերպ, Մարկոս՝ առյուծ, Ղուկաս՝ եզ, Հովհաննես՝ արծիվ։
Եկեղեցական ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը` Մաթեոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ, Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է, Ղուկասը նույնացվում է զոհի՝ եզի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։
Գմբեթի և սյուների որմնանկարները կապելու ու իրար լրացնելու համար դրանց միջև որմնանակարիչ վարպետը պատկերել է գոտի՝ կրկին հայկական մանրանկարների ու 4 հրեշտակների պատկերով՝ արանքում՝ ժապավենազարդ, իսկ պատուհանների միջև՝ լուսանցազարդեր:
Լևոն Զաքյանն անկեղծանում է՝ ողջ աշխատաքներից ամենաբարդը գմբեթի թմբուկի աշխատանքն էր, որն արվել է մաթեմատիկական խիստ հաշվարկով, որ ներքևից որմնանակարը ճիշտ տեսք ունենա:
«Ամենաբարդը հենց որմնանակարի այդ մասն էր, որն 8 մետր էր ու կամարի մեջ, իսկ բարձրությունը դժվարություն չէ, ավելին՝ ավելի հետաքրքիր է դարձնում աշխատանքը»,- նշեց որմնանկարիչը:
Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող՝ 1860 ականներին կառուցված, ավելի քան 36 մետր բարձրություն /առանց գմբեթի/ ունեցող եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը, խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Եկեղեցին կառուցվել է Անիի Մայր տաճարի օրինակով և ասում են, որ վարպետն ամեն անգամ քարը դնելիս ֆայտոնով գնացել է Անի և հետ է եկել ու շարունակել շինարարությունը. այսպես կառուցվել է եկեղեցին՝ քար առ քար:
Որոշ աղբյուրների պնդմամբ՝ եկեղեցու շինարարության համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, եղել են նաև հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց:
Եկեղեցու խաչը սկզբում եղել է փայտից: 1988 թվականին եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկեցին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից՝ բարերների միջոցներով՝ 1998 թվականին:
Եկեղեցու վերականգնման աշխատանքերն իրականացվել են՝ պահպանելով եկեղեցու նախկին ճարտարապետական տեսքը, օգտագործելով եկեղեցու հին քարերը, սակայն եկեղեցու ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ:
Տեղադրված խաչով եկեղեցին ունի 47 մետր բարձրություն: Այս պահին իրականացվում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու վրա արդեն տեղադրված է նաև փոքր զանգը, որն իր կողմից քաղաքին նվիրեց քանդակագործ Արտուշ Պապոյանը:
Շատ գյումրեցիներ վստահ են, որ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրու վերականգնումը կազդարարվի հենց Ամենափրկչի վերականգնումով: