Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական, որոնցից 23-ը իր ձայնը տվել է Բեքչյանին: Աթեշյանը ստացել է 11 ձայն:
Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի:
Ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:
«Համայնքում ոգևորություն էր տիրում, քանի որ ի վերջո պետք է ճանապարհ ուրվագծվեր, որը կտաներ խնդրի լուծմանը: Սա ոչ թե զուտ գահակալի ընտրություն է, այլ Կ.Պոլսի պատրիարքը պատասխանատու է Թուրքիայի տարածքում բնակվող հայերի, հայկական մշակութային ժառանգության համար: Սակայն, այսօր էլ ճգնաժամը շարունակվում է, քանի որ Արամ Աթեշյանը ընտրությունների արդյունքներից հետո հրապարակել է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, որը չի համապատասխանում ոչ իրավական, ոչ եկեղեցական որևէ նորմի, որովհետև Ստամբուլի նահանգապետարանը կամ փոխնահանգապետը չունի իրավական որևէ լծակ՝ միջամտելու ներեկեղեցական խնդրին: Սա կարգավորվում է եկեղեցական նորմերով, անցկացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորով ու ցանկությամբ: Եվ, քանի որ Թուրքիայում պետությունն առանձնացված է կրոնից, ուստի պետությունն իրավունք չունի միջամտել կրոնական համայնքների ներքին գործերին: Այդ գրությունը կարելի է առոչինչ համարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունից րոպեներ անց հրապարակված գրությանը, թուրքագետը նկատեց.
«Չեմ կարծում, որ փոխնահանգապետն այնքան գիտակ է Հայ Առաքելական եկեղեցու ներքին կանոնադրական նորմերին, որ կարող է իմանալ տեղապահի ֆունկցիաները, հոգևոր խորհրդի լիազորությունները: Եվ հաճախ, երբ տարբեր երևույթներ անվանում ենք թուրքական ձեռագիր, փոխնահանգապետի այս գրությունը երևի պետք է անվանել հայկական ձեռագիր: Ակնհայտ է, որ ինչ-որ հոգևորական օգնել է փոխնահանգապետին՝ կազմել ու հրապարկել այդ գրությունը»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով.
«Զարմանալի է՝ Աթեշյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորի փոխարեն գերակա է համարում թուրք բյուրոկրատի կասկածելի գրությունը.Սա մտածելու տեղիք է տալիս»:
Թուրքագետին զարմացնում է նաև ընտրված տեղապահի պահելաձևը.
«Նա չպետք է հաշվի առնի որևէ գրություն, իրավիճակը տանի հաջորդ փուլ՝ ընտրություններ: Պատրաստվում են հաջորդ շաբաթ այս խնդիրը քննարկել Ստամբուլի նահանգապետի հետ, իսկ սա արդեն սխալ է: Այդ կառույցը միջամտելու իրավունք չունի: Կարևոր խոչընդոտը Աթեշյանն է՝ իր ամբիցիաներով»:
Թուրքագետը նշում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը իրավասու է զրկել ցանկացած հոգևորականի իր կոչումներից ու այսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ համահայկական պահանջ:
«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ Մայր Աթոռը չի շնորհավորում ընտրված տեղապահին կամ ինչո՞ւ պաշտոնապես չի արձագանքում ստեղծված իրավիճակին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
asekose.am