Ամերիկահայ ինժեներ, սպորտսմեն, բժշկագիտության դոկտոր եւ վերջապես հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թ. փետրվարի 22-ին` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում` ղարաբաղցի ներգաղթյալների ընտանիքում: Հայրը նույնպես օդաչու է եղել:
Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը: 1969-73թթ. սովորել է «Drexel» համալսարանում` ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում: Ապա ուսումը շարունակել է «Thomas Jefferson» համալսարանում եւ 1977թ պաշտպանելով թեզը` ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում:
1974-78թթ. մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982թ-ից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում:
1973թ. որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի «3Մ» գործարանում: 1976-78 թթ. ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտոնի (Մերիլենդ նահանգ) ինժեներ մեխանիկն է եղել: 1978թ. որպես վիրաբույժ եւ բժիշկ հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեկսոնի անվան կենտրոնում ` միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության եւ ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում:
1986թ. ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987թ` տիեզերանավի բժշկի վկայագրեր: 1980թ հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն):
1989 թ. մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։
Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի եւ տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Ջեյմսը 337 ժամ անց է կացրել տիեզերքում:
Հայ տիեզերագնացն ամուսնացել է ամերիկացի Թանդ Բեկսոնի հետ: Նրանք 4 երեխա ունեն:
Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամեիկացի ինժեներ- մեխանիկների միության, Ալֆա եւ օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի եւ այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ:
Իր գործունեության համար Բաղյանը պարգեւատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դեպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաեւ 1989թ եւ 1991թ տիեզերք կատարած թռիչքների համար` ՆԱՍԱ-ի մրցանակներով:
Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ բիոբժշկական հետազոտական աշխատանքներով եւ ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը:
Երկնքի և թռիչքի մասին Բաղյանը երազել է մանկուց, երբ դեռ սկաուտ էր: Ի վերջո, նա որոշում է կյանքն ընդմիշտ կապել երկնքի հետ: Բաղյանի հայրը՝ Ֆիլիպը, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել է կործանիչի օդաչու, արծաթե աստղի շքանշանակիր, 120 մարտական թռիչք է իրականացրել: Ուսանողական տարիներին Ջեյմս Բաղյանը ավիացիոն խմբակներ էր հաճախում՝ փորձելով կյանքի կոչել իր երազանքը՝ սավառնել երկնքում: Եվ բազմաթիվ ավիացիոն մրցույթներում աչքի է ընկել: Անգամ երբ որպես բժիշկ աշխատանքի անցավ, չմոռացավ իր երազանքն ու շարունակեց վարժանքներն ու սիրողական թռիչքները: 1976 թվականին նա, ծառայության անցնելով ԱՄՆ-ի զինված ուժերում, դարձավ ԱՄՆ-ի ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտրոնի ճարտարագետ-մեխանիկը: 1978 թվականին որպես վիրաբույժ և բժիշկ հետազոտող է աշխատել Լեոնիդ Ջեքսոնի անվան կենտրոնում՝ միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության և ԱՄՆ ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում:
1986 թվականին Բաղյանը ստացել է արհեստավարժ ճարտարագետի, իսկ 1987 թվականին տիեզերանավի բժշկի վկայագրեր: 1980 թվականի հուլիսին Ջեյմս Բաղյանը որպես տիեզերագնաց աշխատանքի անցավ ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային տիեզերագնացության գործակալություն): Բաղյանը կարող էր իրականացնել իր երազանքը դեռևս 1981 թվականին: Խորհրդա-ամերիկյան համատեղ նախագծի շրջանակում նախատեսված էր երկու պետությունների ներկայացուցիչների համատեղ թռիչք: ԱՄՆ-ն պետք է ներկայացներ Ջեյմս Բաղյանը, Խորհրդային Միությունը՝ Յաշա Գևորգյանը (ծնունդով Աշտարակ քաղաքից): Ծրագիրը, ցավոք, չիրականացավ: Իսկ համաշխարհային մամուլը չզլացավ կատակով նշել, որ երկու տիեզերագնացները տիեզերքում միմյանց հետ պիտի հայերեն խոսեն:
Այնուհետև 1986 թվականի հունվարի 28-ն Ջեյմսը պիտի «Չելինջեր» տիեզերանավով տիեզերք թռչեր, բայց վերջին պահին փոփոխություններ տեղի ունեցան անձնակազմում, և անվանի բժիշկը չթռավ: «Չելինջերը» կործանվեց, Ջեյմս Բաղյանի կյանքը փրկվեց, և նրա երազանքն իրականացավ միայն 1989 թվականի մարտի 13-ին, երբ «Դիսքավըրի» տիեզերանավով առաջին անգամ թռիչք կատարեց տիեզերք: Թռիչքի տևողությունը 5 օր էր: Եվ այդ 5 օրվա համար որքան ջանք ու եռանդ էր ներդրել Ջեյմս Բաղյանը՝ հայ առաջին տիեզերագնացը:
Հետագայում՝ 1991 թվականին, Բաղյանը ևս մեկ անգամ (9 օրով) տիեզերք ուղևորվեց: Իր անվան դիմաց Բաղյանը գրանցել է տիեզերքում անցկացրած 337 ժամ: Իսկ ահա 1995 թվականին նա հեռացավ ՆԱՍԱ-ից: Ջեյմս Բաղյանն անմասն չի մնացել պետական, կառավարական մեծագույն պարգևներից: Նա պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների դեմ բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 և 1991 թվականներին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով: Այժմ Բաղյանը զբաղվում է կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է Վետերանների առողջության պահպանման ազգային կենտրոնը, ինչպես նաև Միչիգանի համալսարանի անեսթեզիայի բաժնի առողջապահական ինժեներիայի տնօրենն է: Չնայած իր լայնահորիզոն աշխատանքին ու զբաղվածությանը՝ նրա հոբբին ավտոմեքենաների վերանորոգումն է: