Ռեժիսոր Վոյցեխ Սմաժովսկու «Վոլին» կինոժապավենը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համանուն պատմական մարզի տարածքի կյանքի մասին, արժանացել է Լեհաստանի կինոակադեմիայի «Արծիվներ» գլխավոր պարգևին: Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերին, նաև ստացել է հանդիսականների համակրանքի մրցանակը:
Սմաժովսկու խոսքով՝ ինքն իր առջև խնդիր էր դրել նկարահանել «ատելության և ազգայնամոլության դեմ» ուղղված ֆիլմ: Ռեժիսորը հույս է հայտնել, որ իր կինոնկարը չի օգտագործվի քաղաքական նպատակներով, բայց կառաջացնի Վոլինի իրադարձությունների քննարկմանը վերադառնալու ցանկություն: ««Նախ կլինի ցնցում, բայց երբ հույզերը հանդարտվեն, այս ֆիլմը կօգնի կազմակերպելու ազնիվ և ճշմարտության վրա հիմնված երկխոսություն»,- ընդգծել է կինեմատոգրաֆիստը:
«Վոլինը» պատմում է լեհ աղջկա՝ Զոսյայի (Միխալինա Լոբաչ) պատմությունը: Հերոսուհին սիրում է ուկրաինացի երիտասարդ Պետրոյին (Վասիլ Վասիլիկ), բայց ծնողները նրան ամուսնացնում են լեհ հարուստ Մացեյ Սկիբայի (Արկադիուշ Յակուբիկ) հետ: Նա խնամում է ամուսնու երեխաներին նրա նախորդ կնոջից, իսկ Սկիբան ինքը հեռանում է լեհ-գերմանական ռազմաճակատ:
Զոսյան դառնում է ԽՍՀՄ-ի խորքերը լեհերի տեղահանման, գերմանական օկուպացիայի, հոլոքոսթի, իսկ այնուհետև ուկրաինացի ազգայնամոլների կողմից լեհ բնակչության բնաջնջման վկան, որը հայտնի է որպես Վոլինի կոտորած: Ժապավենն ստեղծվել է լեհ հեղինակ Ստանիսլավ Սրոկովսկու «Ատելություն» վեպի մոտիվներով: