Ո՞ր դեպքում մենք լավ կապրենք. Լևոն Տեր–Պետրոսյանի ամենաֆունդամենտալ թեզի 2 հակափաստարկ
Advertisement 1000 x 90

Ո՞ր դեպքում մենք լավ կապրենք. Լևոն Տեր–Պետրոսյանի ամենաֆունդամենտալ թեզի 2 հակափաստարկ

Արտակ Ալեքսանյանի անդրադարձը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի հիմնական թեզերից մեկին:

Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 20 տարի պնդում է իր թեզը, որ եթե չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, ապա մենք (20 տարի առաջ` Սերգո ջանը) լավ չենք ապրի:

Իր վերջին հարցազրույցում էլ Հայաստանի առաջին նախագահը պնդում էՇրջափակման, պատերազմի ամենօրյա վտանգի, սահմաններում ամենօրյա զոհերի վտանգի տակ մենք զարգանու՞մ ենք։ Մենք կարողանում ենք այնքան միջոցներ հայթայթենք, որ մեր բանակը ուժեղացնենք, մենք լավացնում ե՞նք մեր ժողովրդի սոցիալական վիճակը, թոշակնե՞րն են ավելանալու, աշխատավարձե՞րն են բարձրանալու, արտագա՞ղթն է դադարելու։ Ի՞նչ է փոխվելու։ Դա տեսանք, 20 տարի այդ սկզբունքով առաջնորդվեցին։ Եվ օր օրի Հայաստանը թուլացավ, նվազեց, նվաղեց։ Վերջը ի՞նչ է։ ՄԻ օր սա պետք է վերջ ունենա, թե՞ ոչ։

Լևոն Տեր-Պետրոսյանն ունի բավարար հիմքեր պնդելու, որ չդադարող պատերազմի, բյուջեի ահռելի մասը ռազմական ծախսերին ուղղելու և շրջափակման պայմաններում տնտեսական զարգացում և բարեկեցություն հնարավոր չէ ապահովել: Դա իսկապես այդպես է, այլ բան է, որ որևէ մեկն այլևս չի խոսում ապաշրջափակման հնարավոր տնտեսական օգուտների մասին: Ի վերջո, 25 տարին քիչ չէ, որպեսզի շրջափակումը ընկալվի ոչ թե որպես ադրբեջանական ժամանակավոր քաղաքական ակցիա, այլ ուղղակի փաստ, որ միշտ եղել է:

Լևոն Տեր-Պետրոսյանը իր գլխավոր թեզը չի փոխել, հավատարիմ է եղել երկրի զարգացման հենց այս տեսլականին, ու բացի նրանից, որևէ մեկը այլընտրանք դրան չի առաջարկել: Մինչդեռ այդ պարադիգմը ունի առնվազն երկու հակափաստարկ:

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ N1

Ի՞նչ կլինի, երբ Հայաստանը համաձայնի հանձնել տարածքները: Հայկական զորամիավորումները դուրս կգան 6 շրջաններից: Ադրբեջանական բնակչությունը աստիճանաբար կվերադառնա: Արցախի կարգավիճակը կդառնա բանակցությունների 2-րդ փուլի հիմնական հարց: Քանի որ բանակցությունն ավարտված չէ, ապա որևէ ապաշրջափակման մասին խոսք լինել չի կարող: Չի բացվի նաև հայ-թուրքական սահմանը, որովհետև սահմանների և հաղորդակցության ուղիների հարցում Բաքուն և Անկարան ունեն նույն նախապայմանները:

Արցախը Հայաստանին կկապվի ընդամենը Լաչինով: Ընդ որում, այս դեպքում, պետք է լինում զորք տեղակայել ոչ միայն դեպի Արցախի վարչական սահմանների արևելյան երկայնքով, այլ ամբողջությամբ: Իսկ դա նշանակում է ռազմական ծախսերի ավելացում: Տարածքների դուրս բերումը, խաղաղապահների ժամանումը, բնակչության վերադարձը մի գործընթաց է, որ կարող է տևել մինչև 5 տարի: Ու դեռ հարց է, արդյոք դա չի ուղեկցվի նոր պատերազմով, նոր բախումներով:

Այդ ընթացքում արդյոք Հայաստանում ստեղծվում են նախադրյալներ տնտեսական բումի կամ նոր թռիչքի համար: Եվ այո և ոչ, որովհետև եթե լիներ, դա չէր լինի, այն պատճառով, որ տարածքները վերադարձվեցին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը կամ շուտափույթ լուծումը չունի որևէ տնտեսական խթանիչ: Մեզ չեն խոստացել պատժել տնտեսական պատժամիջոցներով և չեն խոստացել խրախուսել մի քանի միլիարդանոց ներդրումներով:

Հետևաբար, բացի միջազգային հանրության առաջ «կառուցողական» լինելուց, որևէ այլ ստիմուլ չկա: Ի դեպ, չկա նաև Ադրբեջանի նկատմամբ: Ավելին, երբ Բաքուն մինչև օրս ոտնահարում է մարդու իրավունքները` այն էլ համատարած, ԵՄ-ն ու ԵԽ-ն, հայտնում են միայն մտահոգություն, բայց ոչ ավելին:

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ N2

Դե Տոկվիլից, Աջեմողլուից և Ֆերգյուսոնից սկսած, երկրների հաջողության գլխավոր նախապայման ժամանակակից մտածողները համարում են ոչ թե գործող հակամարտությունների շուտափույթ կարգավորումը, այլ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:

1-ին նախագահն ասում է, որ հակամարտությունների կարգավորումը պետք է լինի հանրային պահանջ և որպես օրինակ բերում Վիետնամի պատերազմը: Բայց այս զուգահեռը ունի առնվազն մի քանի խոցելի կետ.

  • Ամերիկյան հասարակությունը պահանջում էր դադարեցնել ամերիկյան մասնակցությունը մի պատերազմի, որն իր հետ որևէ կապ չուներ: Մինչդեռ, մեր պատերազմը մեր ազգի պահպանության համար էր: Մենք մեր գաղափարները էքսպանսիա չէինք արել օտար երկրում, ոչ էլ մեր տղաներն էին զոհվում` այլ մայրցամաքում այլ երկրի համար:
  • ԱՄՆ-ն հասարակությունը պահանջեց դադարեցնել Վիետնամի պատերազմը, որովհետև ԱՄՆ-ն պարտվել էր այդ պատերազմում, բայց շարունակում էլ պատերազմել: Մեր դեպքում, չէ՞ որ մենք հաղթել ենք պատերազմում, ավելին, հիմա էլ ոչ թե ցանկանում ենք նոր տարածքներ գրավել, այլ պահպանել խաղաղությունը:
  • ԱՄՆ-ը հասարակությունը պահանջեց դադարեցնել Վիետնամի պատերազմը, որովհետև այն կաթվածահար էր արել երկրի տնտեսությունը, մինչդեռ մեր դեպքում, երկրի տնտեսությունը կաթվածահար է մենաշնորհների ու կոռուպցիայի պատճառով:
  • ԱՄՆ-ն դադարեցրեց Վիետնամի պատերազմը հենց միայն այն պատճառով, որ դա էր պահանջում հասարակությունը և միայն ժողովրդավարական ինստիտուտների գործունեության պատճառով այդ պահանջը իրագործվեց:

Հայաստանում մարդիկ չեն սկսի լավ ապրել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Հարավսլավական երկրներում այսօր կոռուպցիան ավելի բարձր է, քան հակամարտության տարիներին: Հետևաբար կարգավորումը չի երաշխավորում բարգավաճում:

Բարեկեցության գրավականը ժողովրդավարական հասարակություն ստեղծելն է, տնտեսական մրցակցության հավասար պայմանները, արդար դատական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարը: Այս բառակապակցություններն այնքան են ասվել, որ հնչում են արդեն “Տերունական աղոթքի” պես, երբ բոլորն աղոթում են անգիր արած, բայց մեծ մասամբ չհասկանալով:

Միայն ժողովրդավարական հասարակությունը ի վիճակի կլինի սթափ, ռացիոնալ ու արդյունավետ որոշում ընդունել: Որովհետև այդպիսի որոշում ընդունելու համար պետք է հանրային օրակարգի ամենակարևոր հարցը լուծել ազատ խոսքով, բանավեճերով, փորձագիտական ու քաղաքական քննարկումներում: Ի վերջո, այդ որոշումը պետք է կայացնել միասին: Մինչդեռ ոչ ժողովրդավարական երկրում, այդ որոշումը կպարտադրվի կամ չի կայացվի:

Այս հոդվածն այն մասին չէ, թե արդյոք ճիշտ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Բանակցություններին Հայաստանի որոշումների նրա առաջարկը, ճիշտ կամ սխալ, բայց առաջարկ է: Այս հոդվածն այն մասին է, որ անկախ կայացված որոշումից, եթե Հայաստանը չդառնա ժողովրդավարական երկրի, ու նույնիսկ եթե Արցախը անկախանա, մենք լավ չենք ապրելու: Բարեկեցության գրավականը կոռուպցիայից զերծ, արդար տնտեսական ու դատական համակարգով ժամանակակից պետություն կառուցելն է: Այդ պետությունն, ի դեպ, կլինի նաև գրագետ ու ադեկվատ, ինչի բացակայությունից իր հարցազրույցում դժգոհում էր Առաջին նախագահը:

newmag.am



Նման նյութեր