«Եղնիկների կածանը». Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 8-ից կմեկնարկի 20-մասանոց գեղարվեստական նոր ֆիլմ` միստիկական-ռազմական դրամա։ Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում ուշագրավ փաստեր ու կադրեր նկարահանման հրապարակից։
Ֆիլմն առչվում է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող երկու տարիներին։ «Եղնիկների կածանը» ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանը նշեց, որ ծավալուն աշխատանք են արել։
«Ֆիլմը կիսով չափ հիմնված է իրական դեպքերի և պատերազմական իրադարձությունների վրա։ Այն հայ զինվորականի` օդաչուի մասին է։ Հիմքում իրական իրադարձություններ են, սակայն բոլոր կերպարները և հետագա զարգացումները հորինված են։ Այսինքն` հերոսների նախատիպերն իրական մարդիկ են, որոնց հետ հանդիպել ենք, հանդիպում ենք և շարունակում ենք աշխատել։ Ֆիլմը սկսվում է 2014 թվականին և ավարտվում է 2016–ի գարնան իրադարձություններով»,– պատմեց նա։
Ֆիլմն ունեցել է 46 նկարահանման օր։ Նկարահանվել է ավելի քան 75 տեղանք: Ֆիլմի տեսարանների համար Արագածի ստորոտին կառուցվել է քոչվորների բնակատեղի: «Չեմ վախենա ասել, որ աշխատում ենք լիամետրաժ ֆիլմի ռեժիմով և սկզբունքներով։ Սա սերիալ չէ, սա շատ բարդ ֆիլմ է։ Ունենք էքստրեմալ տեսարաններ ձմեռային Արագածում` ֆիլմի ստեղծագործական խումբը և տվյալ տեսարանում զբաղված դերասանները ոտքով հաղթահարել են ձյունապատ Արագածը՝ հասնելով մինչև 2000 մ բարձրության։ Ունենք պատերազմական և թռիչքային տեսարաններ։ Ֆիլմն ամբողջությամբ ուղեկցվում է թռիչքներով։ Ֆիլմի նկարահանումների համար կատարվել է ընդամենը 5 թռիչք, մնացյալը ստացվել է վիզուալ էֆեկտների միջոցով։ Օգտագործվել է բարձրակարգ անօդաչու նկարահանող դռոն, որը փոխանցել է ուղղաթիռի թռիչքի ամբողջ գեղեցկությունը»,– ասաց պրն Քեշեշյանը:
Ռեժիսորը հայտնեց, որ դերասանները որոշակի հմտություններ են ձեռք բերել, թեև թռիչք կատարելու իրավունք չունեին. «Նրանց փոխարեն պրոֆեսիոնալ օդաչուներ են աշխատում, սակայն դերասաններն էլ են անցել որոշակի կուրսեր, որպեսզի կարողանան տիրապետել սխեմաներին»։
«Եղնիկների կածանում» խաղում են Խորեն Լևոնյանը, Աիդա Թորոսյանը, Հրաչյա Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ջումբեր Կուկիելին, Արամ Կարախանյանը, Ռոզի Ավետիսովան, Ավո Ադամյանը, Ներսես Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արսեն Սաֆարյանը, Ալեքսանդր Պաշկովը, Մայիս Սարգսյանը։ Բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակները` Լևոն Գալստյանը, Գնել Նալբանդյանը և Հրաչ Քեշիշյանը։ Ֆիլմում առաջին անգամ կխաղա նաև Խորեն Լևոնյանի ավագ որդին` Արմենը։
«Ես հավաքել եմ այն մարդկանց, ում վրա վստահ եմ, ովքեր կարողանում են մտածել, հետաքրքիր աշխատել, ոչ միայն կերպար ստեղծել, այլև տալ մաքսիմալ զգացողություններ։ Ունենք նաև հրավիրված դերասաններ Ռուսաստանից` Ալեքսանդր Պաշկովը և Վրաստանից` Վառլամ Կորշիան։ Աիդա Թորոսյանը հրավիրվել է Միացյալ Նահանգներից»,– նշեց ռեժիսորը։
Ի դեպ, ֆիլմում Ռուբենի դերակատար Արման Պետրոսյանն այժմ ծառայում է Արցախում` հենց «Եղնիկներում»:
Ամբողջությամբ՝ life.tert.am