Դերասանուհի Սառա Փոլսոնը հայտարարել է «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջիկա յոթերորդ եթերաշրջանում այնպիսի մի հակասական մարդու մարմնավորելու ցանկության մասին, որպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է: Այդ մասին նա հայտնել է The Hollywood Reporter հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Ես կցանկանայի մարմնավորել Դոնալդ Թրամփին»,- ասել է Փոլսոնը:
«Եթե, իհարկե, Թրամփը գործող անձ լինի նոր եթերաշրջանում,- վերապահում է արել նա:- Իսկ ինչու ոչ: Այս դերը իրական մարտահրավեր կլինի դերասանի տեսակետից»:
Հեռուստասերիալի ռեժիսորներից և պրոդյուսերներից մեկը՝ Ռայան Մերֆին, փետրվարին հայտնել է, որ «Սարսափների ամերիկյան պատմության» յոթերորդ եթերաշրջանը նվիրված կլինի անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացված համընդհանուր ընտրություններին:
«Սարսափների ամերիկյան պատմությունը» կլինի այն ընտրությունների մասին, որոնք մենք վերջերս անցկացրեցինք: Ես շահագրգռված եմ, որ ներկայացվի ոչ թե ակնհայտ, միակողմանի հայացքը ընտրությունների նկատմամբ, այլ ցուցադրվի կարծիքների ողջ սպեկտրը»,- ճշտել է Մերֆին:
Նա, սակայն, մինչ այժմ չի բացահայտել, թե ում է ինքը մտադիր դարձնել եթերաշրջանի գլխավոր գործող անձ՝ Թրամփին, թե նրա մրցակցին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Հարցազրույցներից մեկում ռեժիսորը և պրոդյուսերը ակնարկել է, որ հակված է դեպի հանրապետական թեկնածուն: Ավելի ուշ Մերֆին հասկանալ է տվել, որ երկու քաղաքական գործիչներն էլ հայտնվելու են միայն մի քանի էպիզոդներում:
Սերիալում, որը ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվում է 2011 թվականից, նաև նկարահանվում են Էվան Փիերսը, Դենիս Օ’Հերը, Ջեսիկա Լենգը, Քեթի Բեյթսը և ուրիշներ:
«Սարսափների ամերիկյան պատմությունը» «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել 2012 և 2016 թվականներին՝ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր Emmy հեռուստատեսային մրցանակը նվաճելով 2012, 2012 և 2014 թվականներին:
Սառա Փոլսոնն անցյալ տարի Emmy է ստացել «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» մինի-սերիալում կատարած աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: