«Առաջնորդները» մարտի 27-ից ցուցադրվում է նաև Ղազախստանում: Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ տեղական արտադրանքն ընդլայնել է դիտողների շրջանակը՝ ներկայանալով այլազգի հեռուստադիտողին: Թեմայի շուրջ զրուցել ենք սերիալի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ, ով նաև գլխավոր դերակատարներից մեկն է:
«Ղազախական հեռուստաընկերության հետ բանակցություններին ես չեմ մասնակցել: Սերիալի վաճառքով զբաղվել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը»: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նման համագործակցություն: Առաջին դեպքն է, երբ հայկական սերիալը թարգմանվում է և ցուցադրվում այլ երկրում: Ցանկությունս մեծ է, որ սերիալների արտադրությունն այն որակի հասցնենք, որ կարողանանք հպարտությամբ ցուցադրել այլ երկրներում: Ուրախ կլինեմ, որ ոչ միայն իմ սերիալները, այլև հայկական այլ սերիալներ ունենան հաջողություն՝ ներկայանալու այլազգի հեռուստադիտողին»,- BRAVO.am-ին ասել է նա:
Դիանայի խոսքով՝ սերիալը ցուցադրվում է Ղազախստանի 7-րդ ալիքով՝ ամենամեծ լսարանն ապահովող ժամին (Prime Time): Եթե առաջին սեզոնը հաջողություն գրանցի ղազախ լսարանի շրջանում, ապա համագործակցությունը կշարունակվի: Հայաստանում «Առաջնորդները» կցուցադրվի մինչև օգոստոս: Արդեն իսկ նկարահանվել է 400 սերիա, առաջիկայում ևս 50-ը կնկարահանվի: Չնայած առողջական խնդիրներին՝ աշխատանքները չի դադարեցրել նաև Դիանան.«Ի ուրախություն ինձ՝ արդեն սկսել եմ առանց ձեռնափայտի օգնության քայլել: Ոտքիս կոտրվածքը բնավ չի խոչընդոտել նկարահանումների ընթացքին»:
Ամբողջությամբ՝ bravo.am