Ապրիլի 1-ը նշվում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանում թռչունների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ միջոցառում՝ «Սեր հայրենի բնության հանդեպ» խորագրով։
Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանի սաները դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանի գլխավորությամբ։
«Դպրոցից եկել են բնապահպանական խմբակի սաները, ովքեր հիմնականում զբաղվում են և թռչունների ուսումնասիրմամբ, և ակտիվ մասնակցում են շաբաթօրյակներին»,- ասաց Մարգարիտա Հովհաննիսյանը։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին թռչունների պաշտպանության միջազգային օրը, թռչունների տեսակները, կենսակերպը, ասմունքեցին, պարեցին և երգեցին։
Տոնի նպատակը թռչունների բազմազանության և թվաքանակի պահպանումն է։ Թռչունների պաշտպանության միջազգային օրը սկսել են նշել 1906 թվականից, քանի որ այդ թվականը ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան։