Դերասանուհի Տինա Գավալյանը, ով այժմ նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում, Արցախում ծառայող զինվորի մայր է։ Tert.am Life–ի հետ զրույցում Տինան պատմեց որդու` Լեոնի ծառայության, լարված օրերին իր անհանգստության, կարոտի մասին։
Որդին 3 ամսվա զինծառայող է։ Ծառայում է Ստեփանակերտում`Պաշտպանության բանակում։ Զինվորի մայրը հպարտությամբ ասում է, որ որդին պատրաստակամ է մեկնել ծառայության ու առանց դժկամության կատարում է պարտքը հայրենիքի նկատմամբ։
«Իհարկե, հատկապես, ապրիլյան պատերազմից հետո լարվածությունս մեծ էր, սակայն որքան մոտենում էր տղայիս բանակ գնալու ժամանակը, այնքան ներքին ինչ–որ հանգստություն ունեի։ Ես շատ էի կարևորում, որ տղաս ծառայի, դրա համար դրական էի տրամադրված իր` ծառայության մեկնելուն։ Միշտ մտածել եմ, որ տղաները այդ թվում` իմ որդին, պիտի ծառայեն, որովհետև ծառայած տղամարդիկ իսկապես տարբերվում են։ Որքան էլ դժվար լինի, դա էտապ է, որը տղան պետք է անցնի»,– ասաց դերասանուհին։
Տինան նշեց, որ ինքը միայնակ մայր է, հնարավորություն ուներ թղթերը ձևակերպել, որպեսզի որդին Արցախում չծառայի, սակայն որոշել է ամեն բան թողնել Աստծո կամքին։ «Միշտ ասում էի` որտեղ էլ ծառայես, ամեն ինչ լավ է լինելու։ Ինքն էլ էր շատ հանգիստ, երբևէ չի վախեցել ծառայության մեկնելուց, ու դա ինձ էր փոխանցվում։ Մեկս մյուսիս քաջալերում էինք։ Թեև դրական էի տրամադրված, երբ ընտրության ժամանակ լսեցի` Արցախ, ծնկներս ծալվեցին։ Ինձ դժվարությամբ զսպեցի, որպեսզի չհուզվեմ»,– հիշեց դերասանուհին, ապա հավելեց, որ հուզմունքը չի կարողացել զսպել, երբ որդուն տեսել է զինվորական հագուստով։
«Մեկնելուց առաջ թույլ տվեցին մի քանի րոպե տեսնել ծնողներին ու հրաժեշտ տալ։ Չեմ կարող բացատրել զգացողություններս, երբ իրեն տեսա զինվորական հագուստով։ Կարծես ուրիշ մարդ լիներ, անճանաչելի էր այդ հագուստով»։
Տինան հայտնեց, որ առաջին անգամ է որդու հետ այսքան երկար բաժանում ունենում։ Մինչև այս իրենց բաժանումն առավելագույնը 2-3 օր է տևել։ Նրա խոսքով` դժվար է, սակայն կարոտը հպարտությամբ է հաղթահարում. «Կարևորում եմ` որդուդ ծառայությունը հպարտությամբ տանելը։ Բոլորը պետք է ծառայեն, որպեսզի հայրենիքի սահմաններն ամուր լինեն։ Իհարկե, միշտ հետևել եմ սահմանային լարվածություններին, բանակին առնչվող նորություններին, սակայն հիմա ուշադրությունս այլ է։ Զինվորներին վերաբերող որևէ հաղորդում և հրապարակում բաց չեմ թողնում հուզվում եմ։ Օրս սկսում ու ավարտում եմ աղոթքով, որ խաղաղություն լինի։ Ամեն անգամ ինչ–որ բան դիտելիս կամ կարդալիս հուզվում եմ, բայց ներքին հանգստությունս չեմ կորցնում»։
Որդուն ծառայության ուղարկելուց հետո Տինան նրան տեսել է փետրվարի 11–ին` Երդման արարողության ժամանակ։ «Ձմեռ էր, դժվարությամբ գնացինք, ճանապարհը շատ վատ էր, բայց երբ իրեն տեսա, ամեն բան մոռացա։ Զգացողություններս աննկարագրելի էին, չեմ կարող բացատրել` ինչ էի զգում այդ պահին։ Եղանակը մի քիչ տաքանա, կրկին կգնամ իր մոտ։ Գուցե ինքն արձակուրդ գա, երբ ծառայության 6 ամիսը լրանա»,– եզրափակեց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am