UCOM ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում այսօր կմեկնարկի «Ազիզյանները» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը։
Tert.am Life–ի հետ զրույցում դերասան Հայկ Մարությանը նշեց, որ նոր եթերաշրջանը հագեցած է լինելու նոր զարգացումներով ու ծիծաղաշարժ իրավիճակներով։
«Համաշխարհային պրակտիկայից ելնելով` սիթքոմերի երկրորդ եթերաշրջանում ավելի շատ զարգանում են կերպարները, որոնք տարբեր իրավիճակներում ավելի խորն են ուսումնասիրվում։ Սա կերպարների զարգացան եթերաշրջան է։ Յուրաքանչյուր սերիա առանձին իրավիճակ է լինելու, այսինքն` լինելու է սկիզբ, ընթացք ու վերջ։ Չկա որևէ շարունակական զարգացում, ամեն սերիայում իրավիճակները տարբեր են»,– ասաց Հայկը։
Վերջինիս խոսքով` ինքն իրական կյանքում էլ է հանդիպում այնպիսի իրավիճակների, որոնց Գառնիկ Ազիզյանը բախվում է սիթքոմում։ «Ծանրաբեռնված աշխատանք, հոգնածություն և շատ այլ բաներ իմ բնականոն կյանքում էլ կան։ Այդ ամենն ինձ ավելի է օգնել, որպեսզի աշխատեմ կերպարիս նրբությունների վրա։ Այս եթերաշրջանում Գառնիկի կերպարն ավելի հղկված կլինի»,– նշեց Հայկը։
Դերասանուհի Անի Լուպեն, ով մարմնավորում է Գառնիկի կնոջ` Ռուզանի կերպարը, չցանկացավ մանրամասներ հայտնել իր կերպարի զարգացումների մասին։ Նա միայն նշեց, որ Ռուզանի հիմնական բնավորության գծերը պահպանվում են, պարզապես ամեն սերիայում նա նոր իրավիճակներում է հայտնվում։ «Երկրորդ եթերաշրջանում կերպարային փոփոխություններ չկան, բայց այն տարբերվում է առաջինից։ Սցենարային զարգացումները ու ծիծաղաշարժ իրավիճակները հեռուստադիտողին կպահեն հեռուստաէկրանների առաջ»,– ասաց Անին։
Վերջինիս հավելեց, որ նոր եթերաշրջանում Ռուզանն այդպես էլ չի սովորել ճաշ պատրաստել։
Գառնիկի և Ռուզանի երեխաների դերակատարները`Ստեփանը, Մարին և Բորիսը ևս նշեցին, որ կադրից դուրս էլ, գրեթե, նույն հարաբերություններն ունեն` շատ ընկերական են միմյանց հետ։
Ամբողջությամբ՝ life.tert.am