
Չինաստանի Չժենչզյանի նահանգի Հանչժոու քաղաքում Huawei ընկերության նախկին աշխատակիցն «ամուսնացել է» ինքնաշեն ռոբոտի հետ: Այդ մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:
31-ամյա ինժեներ Չժեն Ցզյացզյան «ամուսնացել է» իր ռոբոտի հետ, որին նա անվանել է Ին Ին: Արարողությանը ներկա են եղել տղամարդու մայրն ու ընկերները: «Հարսնացուին» հագցրել են սև կոստյում՝ կիսաշրջազգեստով, իսկ գլխին կարմիր գլխաշոր են կապել: Ամուսնության պաշտոնական գրանցման մասին չի հաղորդվում:
Ինժեներն Ին Ինին պատրաստել է անցյալ տարի: Ռոբոտը գիտի մի քանի բառ, կարողանում է ճանաչել պատկերները և տարբերում է չինական հիերոգլիֆները: Ապագայում Չժենը հույս ունի կատարելագործել մեքենան, որպեսզի այն կարողանա ինքնուրույն տեղաշարժվել և օգնել տնային գործերում:
Ինչպես պնդում է Չժեն Ցզյացզյայի ծանոթներից մեկը, ինժեները որոշել է ռոբոտի հետ ամուսնանալ, որովհետև չի կարողացել աղջիկ գտնել: