Սևան թափվող գետերը հեռու են իրենց վտանգավոր ելքերից
Advertisement 1000 x 90

Սևան թափվող գետերը հեռու են իրենց վտանգավոր ելքերից

Թեև Գեղարքունիքի մարզում գարունն աստիճանաբար մտնում է իր իրավունքների մեջ, Սևանա լիճ թափվող գետերը դեռևս հեռու են իրենց վտանգավոր ելքերից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ապրիլի 4-ին Գավառագետի ելքը կազմել է 4,88 խորանարդ մետր վայրկյան` 30,5 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց, Արգիճի գետի ելքը կազմել է 3,84 խորանարդ մետր վայրկյան` 110 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց, Մասրիկ գետի ելքը կազմել է 4,36 խորանարդ մետր վայրկյան` 14,2 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց:

Սևան թափվող մյուս գետերի ելքերը ևս նվազ են իրենց վտանգավոր ելքերի համեմատ:

Մարզում գիշերային ժամերի բացասական ջերմաստիճանը և ցերեկային ժամերի ոչ բարձր ջերմային ռեժիմը չեն նպաստում ոչ միայն վարարումներին, այլ նաև Սևանա լիճը սառցե կապանքներից ազատվելուն:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, ապրիլի 5-ի դրությամբ Սևանա լիճը գրեթե ամբողջությամբ մնում է սառցակալած` բացառությամբ Փոքր Սևանի որոշակի հատվածների:

2017 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 53 սմ բարձրության վրա, որը 20 սմ-ով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Խոսրով Խլղաթյան
armenpress.am