Մայրության և գեղեցկության տոնի առթիվ BlogNews.am-ը ընտանեկան ֆոտոշարք է արել հայկական հեռուստաեթերի ամենասիրված դեմքերից մեկի՝ դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի հետ: Կանացի երջանկության, ճակատագրի անակնկալների, ամուսնու և երեք երեխաների հետ հարաբերությունների ու կանացի այլ թեմաների շուրջ լսել ենք նաև Անահիտի խորհրդածությունները, որոնք սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը:
Առաջնահերթ՝ կնոջ երջանկությունը մայրությունն է: Բնությունից է դա տրվում կնոջը, այսինքն՝ հենց ծնվելու պահին աղջիկն արդեն ապագա մայր է: Ու լիակատար երջանկությունը կնոջ համար գալիս է այն ժամանակ, երբ կա սերն ու դրանից ծնված պտուղը: Կինը նաև երջանիկ է, երբ ինքնաբավ է: Սա շատ կարևոր հատկանիշ է, ու սովորաբար այն կրող կինը ինքնավստահ է ու լիարժեք:
Ոչինչ միանշանակ չէ: Ամեն անգամ երջանկության թեմայից խոսելիս գալիս եմ մի մտքի՝ «երջանկություն» ասվածը շատ անհատական հասկացություն է. ամեն մարդ նրա մասին իր պատկերացումն ունի ու հետևաբար երջանիկ է այն ժամանակ, երբ այդ պատկերացումներն ու իրականությունը համընկնում են:
Ընտանիքում բոլորը պետք է միմյանց հետ ազնիվ լինեն: Չեմ ընդունում, նույնիսկ, երբ երեխաներին են խաբում: Ամեն ինչում պետք է նախընտրել ճիշտը, անգամ եթե կարծում ես, որ սուտն ավելի հեշտ կլուծի իրավիճակը: Երեխաներին չի կարելի մեծացնել իլյուզիաներով: Անգամ «ամենամեծական» թեմաների շուրջ կարելի է խոսել երեխայի հետ՝ սինթեզելով, վերաձևակերպելով ասելիքդ, որպեսզի հետագայում իրականությանը բախվելը նրա համար վատ «անակնկալ» չլինի, սակայն պետք է դա անել այնպես, որ երեխան չկորցնի իր հեքիաթը, երեխա մնա մինչ այն պահը, երբ արդեն ինքնուրույն կփորձի տարբերել լավն ու վատը:
Երեխային հրամաններ ու քարոզներ պետք չեն, երեխային պետք է դաստիարակել՝ նրան լավ օրինակ ծառայելով: Ինչ էլ դու խոսքերով փորձես սովորեցնել երեխային, սուտ էֆեկտի կբերի, որովհետև, ինչ էլ որ դու ասես երեխային, արդյունքում նա անելու է այն, ինչ անում և ոչ թե ասում է իր ծնողը:
Իմ աղջիկների հետ ես հանդիպեցի, երբ նրանք ութ և ինը տարեկան էին: Մեծ աղջիկս արդեն 15 տարեկան է, փոքր աղջիկս՝ 14, իսկ տղաս՝ 4: Աղջիկների հետ ես ավելի շատ ընկեր եմ: Ինձ այդ տարիքում հիշում եմ, որ շատ թեմաների մասին մորս հետ չէի կիսվում: Դրա համար ամենասկզբից այնպես եմ արել, որ աղջիկների հետ նման խնդիրներ չլինեն: Ամեն ինչ գիտեմ նրանց մասին, որովհետև ինձ հետ կիսվում են ցանկացած թեմայով: Չեմ ուզում շատ ծավալվել այս թեմայի շուրջ, ուղղակի ուզում եմ ասել, որ մեր ընտանիքում առաջին իսկ րոպեից ներդաշնակություն է եղել:
Ինձ երբեմն թվում է, թե Հայկին աղջիկներն ավելի շատ են սիրում, քան ես: Քույրերի փայփայանքի ու գուրգուրանքի մեջ է մեծանում Հայկը: Մեծ աղջիկս՝ Լաուրան, բուֆետի իր ամբողջ գումարը եղբոր վրա է ծախսում՝ նվերներ, խաղալիք, անակնկալներ: Իսկ փոքր աղջիկս Հայկի ընկերն է. միասին խաղում են, կռվում, թափում, հավաքում: Առանց քույրերի Հայկը մի համեղ կտոր չի ուտի: Ֆասթ-ֆուդի համար խելքները գնում է, ու որպեսզի և՛ չչարաշահեն, և՛ «աչքները մեջը չմնա», ամսվա մեջ ունենք ֆասթ-ֆուդի օր: Աղջիկներս էլ, Հայկս էլ, ամուսինս էլ իմ օգնականներն են թե՛ տան գործերում, թե՛ խոհանոցում:
Ամուսնուցս շատ բան եմ սովորել: Իմպուլսիվ եմ, զգացմունքային: Առաջ շատ էի կարևորում ցանկացած կարծիք: Սակայն ամուսինս ինձ շատ փոխեց: Նրա հետ հասկացա, որ մարդը չի կարող բոլորի համար լավը լինել կամ բոլորի համար լինել միայն վատը: Կարևորն այն է, որ քո հարազատների, կյանքումդ եղած կարևոր մարդկանց համար դու լինես այնպիսին, ինչպիսին որ ուզում ես՝ քեզ ընկալեն: Իսկ մնացածը՝ որքան մարդ, այնքան կարծիք: Նաև սովորեցրել է ինձ շատ լավ ընկեր լինել իր հետ: Անկեղծ որ ասեմ՝ Արտակն իմ ամենամտերիմ ընկերն է: Սիրում են, չէ՞, աղջիկները հավաքվել, կիսվել իրար հետ ընտանեկան խնդիրներով, պատմել ամուսինների մասին: Ես դրա կարիքը չունեմ, որովհետև ես նրա հետ այնքան եմ կիսվում, որ իմ մոտ հարցականներ երբեք չեն լինում:
Սիրում եմ արվեստի ամեն ճյուղը: Այդպիսի մարդ եմ, սիրում եմ անընդհատ ուսումնասիրել, փորձարկել: Երգեր էլ եմ գրում: Ամուսնուս եմ երգ նվիրել, քանի որ շատ էի ուզում մեր ամուսության օրը նրա համար անակնկալ անել: Երգը ցույց տվեցի իմ սիրելի Գիսանե Պալյանին, ասաց, որ լավ է, ու գործիքավորումն էլ հենց նա արեց: Կիթառ եմ նվագում. երգն ու երաժշտությունը իմ կյանքում անփոխարինելի տեղ ունեն:
Խորհուրդներ պետք է տալ միայն այն մարդուն, ով դիմում է քեզ այդ հարցով: Կան մարդիկ, ովքեր իրենց պարտքն են համարում ուղղություն տալ դիմացինին, կյանք բացատրել նրան, ցուցումներ տալ՝ ինչ և ոնց անել այն դեպքում, երբ դու դրա կարիքը չունես կամ էլ դու հենց ա՛յդ մարդու խորհրդի կարիքը չունես:
Ուզում եմ, որ մարդիկ ապրեն իրական կյանքում, այլ ոչ թե համացանցում: Համացանցը շատ լավ բան է, եթե գիտես՝ ինչպես օգտվել նրանից այնպես, որ ոչ թե նա, այլ դու նրան օգտագործես: Իմ աղջիկներն էլ են հաճախ լինում իրենց սոցէջերում: Սակայն դա սահմանափակ է: Կյանքն այնպիսին է, որ չես կարող երեխայի առաջ դնել արգելքներ՝ կարծելով, թե դրանով նրան պաշտպանում ես: Սակայն ամեն ինչի վրա ծնողի աննկատ վերահսկողությունը պետք է լինի: Մեր ընտանիքում երեկոյան կինոդիտումներ կազմակերպելու ավանդույթ կա: Ընտրում ենք ֆիլմ, որը բոլորին հետաքրքիր կլինի, ու ֆիլմի ընթացքում բոլորս իրար հետ շփվում ենք, պատմում մեր անցած օրվա մասին, ֆիլմի ընթացքում որևէ համեղ բան ենք համտեսում, ֆիլմի կեսից մեկը պարտադիր քնում է, ու ֆիլմից այդպես էլ ոչինչ չհասկանալով՝ ես, այնուամենայնիվ, ինձ այնքան բավարարված եմ զգում այդ պահին: Չգիտեմ՝ ուրիշների համար ինչպես, բայց իմ պատկերացումներում հենց սա էլ երջանկություն կոչվածն է:
Ամբողջությամբ՝ blognews.am