«Եղնիկների կածանը» ֆիլմն արդեն հեռուստաէկրաններին է: Այս ֆիլմում նկարահանվել է նաև դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ մարմնավորելով զինվորական բուժքույրի, ով գլխավոր հերոսի սիրուհին է:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ռոզին պատմել է ֆիլմի նկարահանումների ընթացքից ու Խորեն Լևոնյանի և Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքային գործընթացից:
«Երբ առաջարկը ստացա նկարահանվել այս հեռուստաֆիլմում, համաձայնելուս առաջին պատճառը հանդիսացավ այն, որ ծանոթացա սցենարին ու ընկալեցի կերպարս: Պետք է ասեմ, որ անմիջապես սիրեցի հերոսուհուն, նա շատ հետաքրքիր ու խարակտերային է, նման կերպար նախկինում չէի ունեցել: Եվան զինվորական բուժքույր է, նա անընդհատ զինվորների և հատկապես հերոսի՝ Դավիթի կողքին է, ում հետ նաև սիրային կապ ունի: Սակայն Դավիթի և Եվայի կապը ուղղակի սիրուհի և սիրեկան լիենելով չի եզրափակվում, նրանք նաև միմյանց շատ նվիրված ընկերներ են: Նրանց փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են զարգանում, հերոսը Եվայի հետ շփվում է նույն կերպ, ինչ իր ընկերների, իսկ Եվան էլ իր առջև դրված խնդիրներն է փորձում կատարել ամեն գնով: Կարծում եմ՝ հայ կինը շատ ուժեղ է և հայ կնոջ ուժն է, որ տղամարդկանց ավելի ուժեղ է դարձնում ու հաղթանակներ է բերում թե պատերազմում, թե կյանքում»,- պատմեց դերասնուհին՝ ընդգծելով.
«Չեմ վախենա ասել, «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում ունեցածս նկարահանումներն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումներն են եղել, որովեհետև թիմն աշխատում էր շատ համերաշխ ու պրոֆեսիոնալ»:
Խոսելով Հրաչ Քեշիշյանի հետ ռեժիսոր-դերասան կապի և աշխատանքի մասին՝ Ռոզին նկատեց.
«Այս ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա, բայց որոշ հերոսներ, այդ թվում իմ հերոսուհին, հորինված է: Այս առումով պատասխանատվությունը կրկնակի մեծանում է, քանի որ արդեն իսկ անդրադառնալը այս թեմային շատ ցավոտ ու պատասխանատու է: Ինչ վերաբերվում է Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքին, նա շատ պահանջկոտ է, բայց նաև ինձ հաջողվեց շատ արագ հասկանալ նրա պահանջներն ու ուժերիս ներածին չափով իրականացնել այն, ինչ պարոն Քեշիշյանը պատկերացնում էր: Դժվար չէր նրա հետ աշխատելը, նա ինձ շատ էր վստահում ու դա էլ ինձ էր նոր պատասխանատվության առաջ կանգնեցնում, որպեսզի կարողանայի ամեն ինչ անել արդարացնելու համար այդ վստահությունը: Ես առաջին անգամ էի աշխատում Հրաչ Քեշիշյանի հետ ու ուրախությամբ պետք է ասեմ, որ ինձ իսկապես հաճելի ու հետաքրքիր էր նրա հետ: Նրա առավելությունն այն է, որ կարողանում է իր հետաքրքիր հանգստությունն ու ներդաշնակությունը փոխանցել դերասաին ու թույլ տալ նրան ավելին հանգիստ և իրական լինել»:
Անդրադառնալով Խորեն Լևոնյանի հետ համատեղ խաղին՝ Ռոզին նախ նշեց, որ նախկինում անգամ ծանոթ չի եղել Խորենին.
«Խորենի հետ առաջին անգամ ծանոթացա այս նախագծի շրջանակում: Իրար չէինք ճանաչում, հետևաբար միասին նախկինում չէինք խաղացել ու ամեն բան նոր էր թվում: Բայց պետք է շեշտեմ, որ Խորենը, որպես զուգընկեր, անզուգական է: Բացի նրանից, որ նա քեզ շատ ոգևորում է իր խաղով, նաև խայտառակ կերպով օգնում է իր զուգընկերոջը ու դրա համար ոչ մի ջանք չի խնայում: Նա ամեն ինչ անում է, որպեսզի կարողանաս տեսարանն ամբողջությամբ պատկերացնել ու քեզ ազատ զգաս»,- հավելեց դերասանուհին:
Վերջին տարիներին անհամեմատ շատացել են պատերազմի մասին ֆիլմերը, ներկայացումները, երգերը: Թե ինչպե՞ս պահել սահմանն ու դրանք ճիշտ նպատակին ծառայեցնել. այս հարցերի շուրջ խոսելիս՝ Ռոզի Ավետիսովան ընդգծեց.
«Մի պահ ես էլ ունեի մտավախություն, որ հանկարծ մարդկանց չհոգնեցնեն այս թեմայով: Միաժամանակ, որպես մասնագետ և հանդիսատես, պետք է ասեմ, որ այս թեմայով դեռ չեմ տեսել այն ֆիլմը, որը կուզեի տեսնել: Օրինակ՝ հենց պատերազմի տեսարանները նման ֆիլմերում շատ քիչ են, այսինքն՝ այդ ֆիլմերը այդքան էլ ռազմական չեն, ուստի, որպես հանդիսատես, կարող եմ ասել, որ պատերազմի մասին եղած ֆիլմերն ինձ այնքան էլ չեն բավարարում: Եղել են այդ թեմայով ֆիլմեր, որտեղ ինձ չի բավարարել նաև հերոսը, հերոսի մոտեցումը և հերոս դառանալու ճանապարհը: Այս թեմայի վերաբերյալ միշտ մաքսիմալիստական եմ վերաբերվում, կարծում եմ՝ դրանք պիտի լինեն բացառապես շատ լավ, շատ ճիշտ ու տեղին, որովհետև սա մի թեմա է, որտեղ ավելի քիչ կարող ես երևակայել ու պետք է ուղղակի ցույց տաս այն, ինչ երեկ էր, ու Աստված մի արասցե, կարող է լինել այսօր և վաղը: Այս թեմային պետք է մոտենալ շատ զգույշ, և ամեն մեկն էլ իր վրա այդ պատասխանտվությունը չպետք է վերցնի, որովհետև չգիտես, թե հետևանքն ինչպիսին կլինի. ֆիլմն ունի մեծ ազդեցություն ու չգիտես՝ քո ներկայացրած ֆիլմը ինչ ազդեցություն ու հետևանք կարող է բերել մարդկանց մեծ բանակի վրա: Միաժամանակ, պետք է նշեմ, որ նման ֆիլմ նկարահանելու համար պետք է ունենալ մեծ բյուջե: Միշտ էլ ասել եմ՝ կինոն առաջին հերթին լավ սցենար է, երկրորդ հերթին՝ լավ բյուջե. Այս երկուսի առկայության դեպքում միայն կարող է լավ կինո ստեղծվել»: