Ըստ բժիշկ-գինեկոլոգ Նառա Վարդանյանի` նորաձև կոնքային տաբատները, կարճ վերնահագուստը, նեղ տաբատները,բաց տոպերը կարող են հանգեցնել անպտղության:
Հայ աղջիկները սիրում են կրել կարճ կիսաշրջազգեստ, տոպ, կոնքից տաբատներ, որոնց հետևանքով մեջքի և որովայնի հատվածը բաց է մնում կամ մի փոքր կռանալու, իջնել-բարձրանալու արդյունքում բացվում է:
Բժիշկը բացատրում է, որ մարմնի բացվող հատվածները ձվարանների շրջանն է, որը շատ արագ կարող է սառչել`ճակատագրական հետևանքների պատճառ դառնալով:
Նեղ հագուստը` տաբատները, ներքնազգեստները սեռական օրգանների շրջանում ստեղծում են անօդ, խոնավ միջավայր, որտեղ միկրոօրգաններն արագ բազմացմանում են, ինչի պատճառով սկսում են բորբոքային պրոցեսներ, որը հետագայում հանգեցնում է անպտղության:
«Վերջին տարիներին շատացել են անպտղությամբ տառապող կանայք: Առաջին տեղում մութ և ցուրտ տարիների սերունդն է, երկրորդում` 2000-2003- թթ. հասունացման տարիքում եղած աղջիկները, երբ հեշտորեն տարվել են ոչ նպաստավոր նորաձևությամբ»,-ասում է բժիշկը` ավելացնելով, որ նրանք հիմա գտնվում են մանկածնման տարիքում` 25-28 տտ. և բավականին մեծ տոկոս են կազմում հենց այդ տարիքի կանաց մոտ նման խնդիրները:
Բժշկուհի Վարդանյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել հատկապես ներքնազգեստի ընտրության հարցում:
«Ներքնազգեստների մեջ երևի թե առանձնացնեմ ստրինգները, որոնք հիմա այդքան կիրառում են երիտասարդ աղջիկները: Դրանք չափազանց վտանգավոր են, քանի որ կամուրջ են ստեղծում ուղիղ աղիքի և հեշտոցամուտքի միջև. Միկրոօրգանիզմներն այդ բարակ թելի միջոցով ուղիղ աղիքից գնում են հեշտոց`առաջացնելով մի շարք ախտաբանական երևույթներ, որոնք կարող են ազդել մանկածնման ֆունկցիայի վրա»,-բացատրում է Վարդանյանը`խորհուրդ տալով խուսափել նաև սինթետիկ ներքնազգեստից: