Հայաստանում վերջին շրջանում յոգան լայն տարածում է գտել: Շատերն են հաճախում յոգայի դասընթացների, հատկապես` կանայք: Մեզանում յոգայի կիրառության, հայ հասարակության՝ յոգայի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին զրուցեցինք Հաթհա յոգայի մասնագետ Լենա Դավթյանի հետ:
– Յոգան ունի հազարամյակների պատմություն: Դեռ Քրիստոսից առաջ յոգայի մասին հիշատակվել է: Առաջին հիշատակությունները մեզ հասել են Հնդկաստանից՝ Հիմալայների շրջանից: Յոգան կարելի է այսպես մեկնաբանել`այն ի սկզբանե եղել է մեկը և ունեցել է մեկ տեսակ: Դա կոչվել է 8-աստիճանյան յոգա, թարգմանաբար` Աշտանգա յոգա: Հնդիկ իմաստուն Պատանջալին, ում միջոցով մեզ են հասել յոգայի մասին հիշատակությունները, հիմնադրել է 175 սուտրաները, որոնք մեկնաբանել են, թե ինչ է յոգան: Դարերի ընթացքում Աշտանգա յոգան, որպես այդպիսին, սկսել է ձևափոխվել, նոր ճյուղեր, ուղղություններ են սկսել առաջանալ: Հիմնական չորս ուղղություններ են սկսել զարգանալ, դրանցից մեկը` Ջհանանա յոգան է, որը կոչված է յոգան մատուցել՝ որպես գիտություն: Երկրորդը`Բահակտի տեսակն է, որտեղ յոգան մատուցվում է՝ որպես պաշտամունքի առարկա: Երրորդ տեսակն ամենաշատն է տարածված. դա Հաթհա տեսակն է, որը ֆիզիկական յոգա է: Այս տեսակի կիրառման ժամանակ շեշտը դրվում է մարմնի ֆիզիկական վիճակի վրա: Եթե առաջին երկուսի դեպքում գիտությունն ու հոգևորն էին առաջնային, ապա այս պարագայում մարմինն է: Չորրորդը՝ Կարմա յոգան է, որը ծառայության, բարերարության յոգան է: Այդ բոլորը միասին ամրանում են Ռաջա յոգայի մեջ, որը թարգմանաբար նշանակում է՝ թագավորական յոգա: Յոգայի այդ 4 տեսակների հիմքը հանդիսանում է Աշտանգա յոգան:
– Յոգայի նշյալ տարատեսակներից ո՞րն է Հայաստանում ավելի շատ կիրառվում:
– Հայաստանում տարածված է Հաթհա յոգան, որը բավական երկար ժամանակ տեղի մարզադահլիճներում մատուցվում է: Ինչո՞ւ եմ ասում՝ մարզադահլիճներում, որովհետև յոգան, որպես այդպիսին, ուսումնասիրվում և մատուցվում է ֆիզիկական ֆորմատների շուրջ: Այսինքն` Հաթհա յոգան իր մեջ ներառում է հիմնականում շնչառական և ֆիզիկական վարժություններ: Այդ տեսակի տարածումը Հայաստանում վերջին տարիներին լայն կիրառություն է ձեռք բերել:
– Ինչպե՞ս են Հայաստանում պատրաստվում յոգայի մասնագետները:
– Հայաստանում յոգան հիմնականում մատուցվում և ուսուցանվում է ոչ կոնկրետ մի դպրոցում: Եթե ես հիմա ասեմ՝ կա այսպիսի մի դպրոց, որտեղ յոգան մատուցվում է, պատրաստվում են մասնագետներ` սխալ կլինի: Կա Յոգայի ֆեդերացիա, որը վերջերս է ձևավորվել, նման հարցերի պատասխանները ֆեդերացիայի իրավասության տակ են: Յոգայի ֆեդերացիայի միջոցով որոշ չափով կադրեր են պատրաստվում, ովքեր հետո վերապատրաստվելով տարբեր տեղերում՝ պատրաստ են լինում դասավանդման:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում Հիմալայան յոգան: Ո՞րն է այդ տեսակի առանձնահատկությունը:
– Հիմալայան յոգան նույն Աշտանգա յոգան է: Ժամանակի ընթացքում որոշակի փոփոխությունների ենթարկված տեսակ է, բայց կորիզը Աշտանգա յոգան է: Հիմալայան յոգայի անվանումը գալիս է իր ձևավորման վայրի անունից՝ Հիմալայից: Դա դասական յոգան է:
– Ի՞նչ է տալիս յոգան:
– Նայած՝ ի՞նչ ես փնտրում: Ես կարող եմ հավաստիացնել, որ հոգու և մարմնի ներդաշնակությունն ապահովում է: Եթե մարդը կանոնավոր, ճիշտ և, որ ամենակարևորն է, առանց ծայրահեղությունների գիրկն ընկնելու, զբաղվի յոգայով, ապա կստանա այն, ինչ փնտրում է: Յոգան ապրելակերպ է, ոչ թե սպորտաձև: Երբ ես որոշում եմ զբաղվել յոգայով, ես առաջին հերթին վերանայում եմ իմ մտքերը, մտավոր աշխարհը, մտածելու ուղիները, ապա փորձում եմ ինչ-որ փոփոխություններ մտցնել դրանց մեջ: Վերանայում եմ նաև իմ ապրելակերպը՝ ինչպե՞ս եմ սնվում, ինչպե՞ս եմ արթնանում, ինչպե՞ս եմ քնում, ի՞նչ եմ օգտագործում սննդի տեսքով, վերանայում եմ իմ վարքը, բարքը: Յոգայի աստիճանները մի քանիսն են: Դրանցից առաջինը՝ անձնական դիսցիպլինան է: Այսինքն` յոգայով զբաղվող մարդն իր մարմինը և միտքը նախ պետք է բերի բալանսի, ապա նոր որոշի ինչ-որ վարժություններ կատարել: Մարմնի և հոգու ներդաշնակություն ասվածը բավական հեշտ է հնչում, սակայն դրան հասնելու ճանապարհը բարդ է: Քանի որ այն, ինչ վերաբերում է մարմին, մենք կարող ենք որոշ չափով վերահսկել, բայց ինչ վերաբերում է հոգուն՝ շատ ներքին խնդիր է և պահանջում է անհատի լուրջ, երկարատև աշխատանք: Ներդաշնակության հասնելու համար մարդը պետք է երկար ճանապարհ անցնի` հիմք ընդունելով բռնություն և ուժ չկիրառելու գաղափարը: Դա է յոգայի հիմքը: Բռնություն և ուժ չպետք է գործադրել ո՛չ մտքով, ո՛չ խոսքով և ո՛չ էլ գործով: Մենք մեզ պետք է վերափոխենք, ապա նոր սկսենք ֆիզիկական վարժություններ կատարել: Սա այն աշխարհը չէ, որտեղ հապճեպությունը կարող է օգտակար լինել:
– Յոգան ունի՞ վերջ: Այդ ճանապարհին կա՞ն ծայրահեղություններ:
– Այստեղ վերջ չկա: Այստեղ վերջն այն է, երբ դու ինքդ քեզ հետ հաշտ ես ապրում: Սա է թե՛ սկիզբը, թե՛ վերջը: Եթե դու կարողանում ես շտկել քո գործը, միտքը և կարողանում ես քո մարմինն ու միտքը բերել որոշակի կապի` դա արդեն հաղթանակ է: Կարծում եմ`ճիշտ չէ այն փաստը, որ մարդիկ դժվարություններից փախչելու կամ դրանք «հաղթահարելու» համար մեկնում են Հիմալայներ: Եթե դու մեկնում ես ինչ-որ խնդրի պատճառով, ապա ուր էլ գնաս, միևնույն է, այդ խնդիրը քեզ ուղեկցելու է: Եթե ես այսօր որոշեմ, որ կյանքից հոգնել եմ, և պետք է գնամ Հիմալայներում նստեմ և ճգնեմ, ապա այդ ամբողջը ես ինձ հետ տանելու եմ: Ես այնտեղ էլ եմ հոգնելու, այնտեղ էլ եմ տանջվելու: Այսինքն` այդպիսով ես փախչում եմ իրականությունից: Կա թյուր կարծիք, որ յոգայով զբաղվող մարդիկ առանձնանում են, ուզում են կտրվել առօրյա կյանքից, մեդիտացիաներ են անում, նման երևույթները ծայրահեղություններ են: Ծայրահեղությունն այն է, երբ ես իմ աշխարհին ուզում եմ սեղմել, փակել, չեմ ուզում արթնանալ, բացահայտել ինձ, փորձել գիտակից միջոցներով, խնդիրները վեր հանելու եղանակով լուծել դրանք: Ընդհակառակը, այդպիսով ես փակում եմ, սեղմում եմ խնդիրներս իմ մեջ: Հենց դա է ծայրահեղությունը:
– Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում կամ արգելվում յոգան:
– Յոգայով խորհուրդ է տրվում զբաղվել ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց, նրանց, ովքեր տառապում են անքնությամբ, ունեն նյարդային լարում: Գլխացավով, շաքարային դիաբետով տառապող մարդկանց յոգան ևս խորհուրդ է տրվում: Մասնագետները անպտղությամբ տառապող կանանց ևս խորհուրդ են տալիս զբաղվել յոգայով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անպտղությունն ինքնին սթրեսներ է առաջացնում, ապա յոգան միջոց է հանդիսանում սթրեսից ձերբազատվելու համար: Վարժությունների միջոցով որովայնի շրջանների մկանների ու անոթների աշխատանքը կարգավորվում է՝ ապահովելով որովայնի շրջանում արյան կանոնավոր շրջանառությունը: Իսկ եթե մարդն այդ վարժանքներից հաճույքի փոխարեն տհաճություն է զգում, ապա նա չպետք է յոգայով զբաղվի: Նրա օրգանիզմը, մարմինը յոգայի համար նախատեսված չէ: Կան նաև ֆիզիկական խնդիրներ, օրինակ` ոտքերի թրոմբները, ճողվածքները, որոնց պարագայում ևս յոգան արգելվում է:
– Յոգան ոչ ճիշտ կիրառելու դեպքում ի՞նչ վնասների կարելի է հանգել:
– Ասանաները՝ ֆիզիկական վարժանքները, բավականին լուրջ են: Եթե դիրքերը և շնչառությունը խեղաթյուրվեն, ապա շատ հեշտ կարելի է առողջությանը մեծ վնաս հասցնել: Կտուժի նաև հոգևոր և մտավոր դաշտը: Եթե, առանց գիտակցելու, մարդը խորանա ինչ-որ պրակտիկաների մեջ, որն իրեն պետք չէ, և որի համար իր օրգանիզմը դեռ պատրաստ չէ, ապա սա ևս օգնելու փոխարեն՝ կարող է վնասել:
– Հայաստանում ո՞ր տարիքի մարդիկ են յոգայով առավել հետաքրքրված:
– Հետաքրքրվում են ամենատարբեր տարիքի մարդիկ: Ֆիզիկական յոգայով՝ Հաթհայով, առավել շատ հետաքրքրվում են 30 և ավելի տարիք ունեցող անձինք: Սա բացատրվում է նրանով, որ երիտասարդները դեռ չեն գիտակցում առողջության կարևորությունը: Երիտասարդ տարիքում մարդուն թվում է, որ ինքը միշտ առողջ է լինելու, իսկ երբ մի փոքր մեծանում ես, հասկանում ես, որ առողջությունից առավել թանկ ոչինչ չկա: Յոգայով զվաղվում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Կանանց թիվը մի փոքր ավելի շատ է: Տղամարդիկ նախընտրում են առավել անհատական պարապմունքներ: Դա գալիս է, երևի, նրանց փակ, կոմպլեքսավորված լինելուց: