Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը հեղինակ է երեք տասնյակի հասնող պատմագիտական ուսումնասիրությունների, մենագրությունների և վեց փաստագրական ֆիլմի՝ «Տիգրան Մեծ», «Նեմրութ. Արև արքայի մեծ սրբավայրը», «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Արտավազդ 2-րդ. պատիվը կյանքից վեր», «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը», «Պատմության կեղծարարները. Ադրբեջան»: Շուտով կներկայացվի նաև նոր՝ «Արարատ- Ուրարտու թագավորություն» պատմագիտական ֆիլմը:
Արցախյան պատերազմի ապրիլին համացանցում բավականին ակտիվ պտտվում էր Արտակ Մովսիսյանի «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմը: Թեման համահունչ էր հատկապես այս օրերին, երբ հանրությունը, լրատվամիջոցները փորձում էին հանրայնացնել իրականությունն ու աշխարհին ևս մեկ անգամ փաստել, որ պատերազմն ու հակառակորդի ագրեսիան որևէ սահման չի ճանաչում: Ինտերնետն այսօր խոսքի և գործի ամենաարագ, հզորագույն հարթակներից մեկն է, որը, սակայն, նույնպես դիվանագիտական ճկունություն է պահանջում, քարոզչության և հակաքարոզչության նրբությունների տիրապետմամբ: Ֆիլմի ներկայությունն ու տարածումը անհրաժեշտություն էր՝ պատմական, քաղաքական, հասարակական և գրեթե բոլոր ասպարեզներում կեղծարար այս պետության նոր ոտնձգություններին ի պատասխան:
«Ադրբեջանական պատմակեղծարարությունը բավական երկար ժամանակ է, որ էսպես մեծ թափով առաջ է ընթանում,- ասում է Ա. Մովսիսյանը,- նույնիսկ փուլեր կարելի է առանձնացնել՝ խորհրդային շրջան, Զիա Բունիաթով, Ֆարիդա Մահմեդովնա և այլք: Սրանք գոնե կրթություն ստացել էին և փորձում էին իրենց գիտելիքները հայագիտության դեմ օգտագործել: Ընդ որում, Ֆարիդա Մահմեդովան հայի մոտ էր ուսանել, հայերեն գիտեր և նույնիսկ գրաբարին էր տիրապետում: Բայց եկավ ադրբեջանցի կեղծարարների նոր սերունդը, որը հայր և որդի Ալիևների (հիմնականում որդու) մեծ ֆինանսավորմամբ և հովանավորությամբ էր կեղծում: Սրանք սկսեցին գրել աբսուրդի հասնող ամեն ինչ և այն աստիճան աբսուրդ, որ 90-ականներին նույն այս Ֆ. Մահմեդովան սկսեց քննադատել իրենց նոր կեղծարարներին: Պատկերացնու՞մ եք, մի կեղծարարը քննադատում է մյուսին՝ ասելով, որ նրանք աբսուրդի բոլոր սահմաններն անցնում են: Եվ այնուհանդերձ, այս ամենը բավական երկար ժամանակ նախագահի աջակցությամբ շարունակվել է»:
Ադրբեջանական կեղծարարության վառ օրինակներից մեկն էլ Բաքվում տեղի ունեցած Երևանի բերդի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունն էր: Այն կազմակերպվել էր 2011թ. Իլհամ Ալիևի աջակցությամբ և մասնակցությամբ: Ադրբեջանական հիվանդագին երևակայությունն այս անգամ բացահայտել էր, որ Երևանը 1511թ. Ռևան Գուլիխանն է հիմնադրել, որի անունից էլ ծագում է Երևան անունը: Ա. Մովսիսյանի բնորոշմամբ՝ այս միջոցառումը մեծ հնչողություն է ստացել ժամանակին:
«Մենք մեր ֆիլմում դրան անդրադառնում ենք՝ միաժամանակ մեջբերելով 1511թ-ից առաջ եղած մահմեդական աղբյուր-վկայություններ ևս, որտեղ Երևան անվան հսկայական թվով հիշատակություններ կան: Սա խոսում է նրանց խայտառակ անգրագիտության մասին, պարզապես իրենց նավթային բազաներից ստացվող փողը կա, ժողովրդական լեզվով ասած՝ իրենց «լեզվի տակ էլ ոսկոր չկա», դրա համար էլ՝ ինչ խելքներին փչում է, անում են:- ասում է պատմաբան Ա. Մովսիսյանը,- Մեր կողմից միշտ չէ, որ պատասխան է տրվել: Շատ հաճախ մեր գիտնականների մոտ էսպիսի մոտեցում կար՝ մենք չենք իջնում իրենց մակարդակին: Բայց այս խնդրի մյուս կողմն էլ կա՝ երբ որ հասարակական քարոզչության առումով սուտը շատ է ասվում, այնուամենայնիվ, սկսում է քիչ-քիչ ճշմարտանման դառնալ»:
Եվ մինչ մեր մասնագետները շարունակում են չիջնել ադրբեջանական կողմի մակարդակին, կամ, լավագույն դեպքում, արձագանքել տեղական մակարդակով, երկիր սարքելու ու ամրացնելու գիտակցություն կրողները արդյունավետ գործում են: Մենք շարունակում ենք նրանց քոչվորներ, անհայրենիք ու հորինովի պետություններ անվանել, քամահրանքով նայել նրանց բոլոր հավակնություններին՝ շարունակելով ամեն հարմար առիթի հիշեցնել, որ երբ մենք կայինք, մշակույթ էինք ստեղծում, նրանք չկային երկրագնդի երեսին: Ծլեցին պատահաբար, աստված գիտի որտեղից, շատացան ու սկսեցին մեզնից խլել: Հենց այնպես խլել:
Կինոն վաղուց արդեն փոխել է միայն արվեստին ծառայելու առաքելությունը, այն ողջ աշխարհում քաղաքական, պետական, հասարակական, սոցիալական, տարբեր շերտերի համար ծառայող միջազգային լեզու է, դիվանագիտություն, որի կարևորությունը շատ լավ գիտակցում են որոշ երկրներ: Պատմագիտական կամ քաղաքական կեղծարարությունը թուրքական, ադրբեջանական քարոզչության գենետիկ փեշակն է, որը, սակայն, տալիս է տեսանելի արդյունքներ: Մինչ մենք ազգովի փող ենք միմյանցից մուրում պետության ղեկը ստանձնած իշխանավորների պարտավորությունները իրենց փոխարեն կատարելու, մեր գրպաններից թռցրած փողերն անարգել հատում են սահմաններն ու գիրանում, ծլարձակում օֆշորային հողերում: Հարցին, թե հարևան երկրում նախագահի հովանավորությամբ է պատմությունը կեղծվում, իսկ մեզ մոտ դա հերքող արդարությունը ու՞մ աջակցությամբ է ներկայացվում, պատմաբան Արտակ Մովսիսյանը տալիս է ամենասպասելի պատասխանը:
«Ցավոք սրտի չկա, նման նյութերի հանդեպ պետական մոտեցումը չկա: Եթե լիներ այդ վերաբերմունքը, ապա և՛ հեռուստատեսությունը, և՛ տարբեր լրատվամիջոցները այդ ուղղությամբ քայլեր կանեին: Ես հիմա մի տխուր օրինակ բերեմ. մի քանի տարի առաջ էր, մի օրվա ընթացքում ինձ զանգահարեցին մի քանի հեռուստաընկերություններից: Ես շատ զարմացած էի, որովհետև բոլորը ուզում էին հայագիտական թեմայով ֆիլմաշար անել: Ասում էին՝ տեսել են իմ ֆիլմերը, ծանոթ են, բայց երբ հարցնում էի՝ կոնկրետ ի՞նչ են ուզում, հասկանում էի, որ մարդը պատրաստ չի, չգիտի ինչ առաջարկել: Պարզապես իրեն ասել են անել, ինքն էլ փորձում է: Հայագիտական կարող է լինել հայոց լեզվի մասին ֆիլմն էլ, հայ ճարատարապետության, գրականության, հայոց պատմության… կոնկրետ ի՞նչ էին պատկերացնում, չգիտեին: Ես իսկապես չէի հասկանում ի՞նչ է կատարվում, օրվա ընթացքում երևի չորս-հինգ հեռուստաընկերությունից նույն առաջարկով զանգեր ստացա և բոլորն էլ նույն՝ անորոշ վերջաբանով: Երեկոյան, երբ լուրերին էի հետևում, ամեն ինչ հասկանալի դարձավ. Իլհամ Ալիևը հավաքել էր պատմաբաններին և հրահանգել նոր ընթացք տալ՝ խորացնելու ադրբեջանական պատմակեղծարարությունը: Մեկ շաբաթ անց ամեն ինչ խաղաղվեց: Այդ նույն հեռուստաընկերություններից ոչ մեկը չհետաքրքրվեց հայագիտական թեմաներով: Անցավ այդ փուլն էլ: Ես ենթադրում եմ, որ Ալիևը հրահանգել էր, մեր նախագահականից էլ երևի մեկը զանգահարել է որոշ լրատվամիջոցների, սրանք էլ՝ միանգամից բոլորը խառնված, սկսել են փնտրել, մի բան անել: Էդ փնտրտուքների մեջ համացանցում հավանաբար հանդիպել էին իմ ֆիլմերին ու էդպես ուղղորդվել: Բայց մեկ շաբաթ անց ոչ ոք այլևս չհիշեց, չխոսեց հայագիտական նյութի անհրաժեշտության մասին:
Նաիրա Հայրապետյան
Ամբողջությամբ՝ hetq.am