Պատմաբան Վահե Անթանեսյանի ուշագրավ հրապարակումը նվիրված է Բյուզանդիայի Հայկական (Մակեդոնական) հարստության Ռոմանոս Բ կայսեր դստեր՝ Աննային:
Շատ հայեր են մեծ դերակատարություն ունեցել համաշխարհային պատմության մեջ՝ որոշակի առումով փոխելով պատմության ընթացքը: Նրանց մեջ եղել են նաև կանայք: Այս շարքում առանձնահատուկ է Բյուզանդիայի Հայկական (Մակեդոնական) հարստության Ռոմանոս Բ կայսեր դուստրը՝ Աննան, ով 988 թվականին ամուսնանալով Կիևյան Ռուսիայի Մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի հետ, դարձավ Ռուսաստանի այսպես կոչված, կնքամայրը, քանզի նույն թվականին՝ ռուս-բյուզանդական պայմանագրի հիման վրա, Կիևյան Ռուսիան ընդունեց քրիստոնեություն:
Բյուզանդական կայսրությունը հայկական հարստության կառավարման տարիներին դարձյալ վեր հառնեց ու հզորության ուղին բռնեց: Բյուզանդական բանակը (որպես կանոն՝ հայկական գնդերը. Բյուզանդական բանակում ամենամարտունակը համարվում էր Արմենիակների բանակաթեմը, որի զորավարները հայոց գնդերի աջակցությամբ հաճախ էին կայսերական գահ բարձրանում) մի քանի պատերազմներում՝ Սիրիայում և Հյուսիսային Միջագետքում, ջախջախիչ հարվածներ հասցրեց արաբներին, ապա՝ Բալկաններում հունգարներին և բուլղարացիներին՝ վերականգնելով կայսրության երբեմնի փառքն ու հզորությունը: Առհասարակ, Հայկական հարստությունը հզորագույնն էր Բյուզանդիայի պատմության մեջ: Հայկական հարստության կայսրեր Բարսեղ Ա, Հովհաննես Չմշկիկը, Բարսեղ Բ իրենց փառավորեցին ռազմի դաշտում՝ կերտելով Բյուզանդիայի փառքը, իսկ Կոստանդին Է Ծիրանածինը նաև մեծ օրենսդիր էր և վարչարար: Նրա ընդունած օրենքների ժողովածուն միջնադարյան իրավական համակարգում ամենակատարյալներից էր, ինչն ամրապնդում էր բյուզանդական իրավական-սոցիալական և քաղաքական շահերը տարածաշրջանում:
Հայկական հարստության կառավարման տարիներին Բյուզանդիայում նաև գիտության, մշակույթի մեծ վերելք էր: Շատ անվանի հայեր աչքի ընկան ոչ միայն ռազմի դաշտում, այլև գիտության և մշակույթի ասպարեզում: 10-րդ դարում Վարդաս Փոկասը բացեց աշխարհում առաջին՝ Մագնավայի համալսարանը: Ժամանակի ամենաաչքի ընկնող գիտնականը իմաստասեր, քերական, տոմարագետ հայազգի Լևոն Իմաստասերն էր…
Աննա կայսրուհին ծնվել է 963 թվականին: Սակայն նրա ծնունդը Կոստանդնուպոլսի արքունիքին ուրախություն չբերեց: Աննայի մայրը՝ հայազգի անհայտ մի պանդոկապանի դուստր, ով ամուսնացել էր Ռոմանոս Բ կայսեր հետ, սիրային կապի մեջ էր զորավար Նիկեփորաս Փոկասի հետ: Փոկասների նշանավոր տոհմը Բյուզանդիայում անվանի էր 8-րդ դարից: Փոկասները ծագումով Մամիկոնյաններ էին և Բյուզանդիայում էին հաստատվել Հայոց Տուրուբերան նահանգի Տարոն գավառից: Երբ Հայաստանը նվաճվեց արաբների կողմից՝ հակաարաբական շարժումները Հայաստանում գլխավորեցին Մամիկոնյան և Կամսարական տոհմերը, որոնք, ի վերջո, արաբների ճնշման տակ թողեցին հայրենիքն ու հաստատվեցին Բյուզանդիայում:
Եվ ահա, Նիկեփորաս Փոկասն իր սիրուհու՝ կայսրուհի Թեոֆանոյի հետ դավ է նյությում և Աննայի ծննդյան հաջորդ օրը թունավորելով սպանում է Ռոմանոս Բ կայսրին: Պալատական հեղաշրջման արդյունքում հենց Փոկասն էլ գահ է բարձրանում (963-969)` ամուսնանալով Թեոֆանո կայսրուհու հետ:
Սակայն Նիկեփորաս Փոկասը երկար չվայելեց իր գահը: Նրանից վրեժ լուծեց բյուզանդական մեկ այլ հայազգի տաղանդավոր զորավար Հովհաննես Չմշկիկը (ծնունդով Փոքր Հայքի Չմշկածագ ավանից): Նա իր շուրջը համախմբեց բանակը, Սիրիայում մի քանի կործանիչ հարված հասցրեց արաբական զորքերին և բյուզանդական բանակը Չմշկիկին հռչակեց կայսր: Վերջինս չհապաղեց իր սուրն ուղղել Նիկեփորաս Փոկասի դեմ և պաշարել մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: Քաղաքը պաշտպանող զորքերն անձնատուր եղան Չմշկիկին և վերջինս հաստատվեց Բյուզանդիայի գահին (969-976): Հովհաննես Չմշկիկի կառավարումը կարճ էր, բայց բեղմնավոր: Նա բյուզանդական գահի ամենազորեղ ու ամենատաղանդավոր կայսրը դարձավ՝ արևելքում վերջնականապես խորտակելով արաբների զորությունը: Չմշկիկը մի քանի տպավորիչ հաղթանակներ տարավ նաև Բալկաններում: Նա անգամ փորձեց Հայաստանը գրավել, սակայն 972 թվականին նրան զինավառ ընդառաջ գնաց Աշոտ Գ Ողորմած Բագրատունի արքան հայոց (953-977), և կայսրը նահանջեց:
Գահ բարձրանալով՝ նա կուրացրեց Նիկեփորաս Փոկասին և զնդան նետեց, իսկ Թեոֆանո կայսրուհուն մանկահասակ դստեր՝ Աննայի հետ արգելափակեց Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկում: Շուտով կայսրուհուն հաջողվում է խույս տալ այդտեղից, սակայն քիչ անց դարձյալ ձերբակալվում է և Հովհաննես Չմշկիկը Թեոֆանոյին և Աննային արգելափակում է լեռնային հեռավոր մի հայկական մենաստանում:
Շուտով դավադրության զոհ է դառնում ինքը՝ Հովհաննես Չմշկիկը և բյուզանդական գահ են բարձրանում Աննայի եղբայրները՝ Բարսեղ (Վասիլ) Բ (976-1025) և Կոստանդին Ը (976-1028): Եղբայրները միասին թագավորեցին՝ Բարսեղի գերագահությամբ:
Բարսեղ Բ զորեղ տիրակալ էր: Նա աչքի էր ընկնում ռազմական տաղանդով, խորամանկությամբ, առանձնակի դաժանությամբ: Նա ջախջախեց բուլղարական բանակը, որ հայազգի թագավոր Սամուել Կոմսաձագի (Կամսարական) հրամանատարությամբ ներխուժել էր Բալկաններ, գերի վերցրեց տասնյակ հազարավոր բուլղարների և ազատ արձակեց… նախապես կուրացնելով բոլոր զինվորներին: Բարսեղ Բ կայսրը պատմությանը հայտնի է Բուլղարասպան մականունով:
Նա 1021 թվականին պատժիչ արշավանք ձեռնարկեց Վրաստանի դեմ: Ահաբեկված հայոց թագավոր Հովհաննես-Սմբատ Գ (1020-1041), ով անխոհեմ էր գտնվել վրաց-բյուզանդական պատերազմի ժամանակ աջակցել վրացիներին, Բարսեղի մոտ բանակցելու ուղարկեց հայոց կաթողիկոս Պետրոս Ա-ին, ով, չհապաղեց և օգտվելով առիթից՝ 1021 թվականին Տրապիզոնում դավաճանեց հայոց պետությանը՝ կտակ գրելով հայոց թագավորի անունից, թե Հովհաննես-Սմբատի մահից հետո հայոց թագավորությունը պիտի ժառանգի Բարսեղը: Բյուզանդական կայսրը, բնականաբար, գոհ կաթողիկոսի դավաճանությունից՝ իր հովանու տակ առավ նրան:
Բարսեղը գահ բարձրանալով՝ առաջին քայլով մորը՝ Թեոֆանոյին և քրոջը՝ Աննային, հետ վերադարձրեց աքսորից:
Բյուզանդիայում ընդունված էր արտաքին հարաբերություններում ազդեցության ոլորտների ամրապնդման համար օգտագործել միչդինաստիական ամուսնությունները: Առհասարակ, դա տարածված երևույթ էր ողջ արևմուտքում: Եվ ահա, Աննայի համար ճակատագիրը կարևոր առաքելություն էր վերապահել:
Բարսեղ Բ երկրի ներսում ընդվզումները ճնշելու նպատակով օգնություն խնդրեց Կիևի մեծ իշխան Վլադիմիրից:Վերջինս չհապաղեց օգնել՝ փոխարենը կայսրից խնդրելով Աննայի ձեռքը: Սակայն ցանկանալով ուխտադուրժ լինել՝ Բարսեղը փորձեց Աննային ամուսնացնել Բուլղարիայի արքայազնի հետ, քանի որ շատ ավելի էր կարևորում հարաբերությունները բալկանյան այդ հզոր պետության հետ: Արդյունքում՝ 987 թվականին սկսվեց ռուս-բյուզանդական պատերազմը: Վլադիմիրի բանակը պաշարեց Խերսոն քաղաքը:
Բյուզանդացիները չկարողացան դիմադրել և ռուսները գրավելով՝ քարուքանդ արեցին Խերսոնեսը՝ պատրաստվելով արշավել դեպի Կոստանդնուպոլիս: Բարսեղ Բ ստիպված էր զինադադար խնդրել և նստել բանակցությունների:
988 թվականին կնքվում է ռուս-բյուզանդական պայմանագիրը՝ հետևյալ կետերով.
Ա. Բյուզանդիան և կիևյան Ռուսիան դառնում են դաշնակից և բարեկամ պետություններ՝ ուխտելով ըստ հարկի զինական աջակցություն ցուցաբերել մեկմեկու:
Բ. Կիևյան Ռուսիան ընդունում է քրիստոնեություն:
Գ. Կայսեր քույր Աննան ամուսնանում է Վլադիմիր իշխանի հետ:
Նույն 988 թվականին Աննան նավով ուղևորվեց Խերսոնես: Նենգ կայսրը նրա հետ ոսկով բարձած ևս մեկ նավ էր ուղարկել՝ որպես օժիտ և ռազմատուգանք, ինչպես նաև մեկ նավ՝ բարձած թունավորված գինու տակառներով: Կայսրը ցանկանում էր հարսանիքի ժամանակ թունավորել ռուսաց արքունիքն ու բանակը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ այս վերջին նավը տեղ չհասավ:
988 թվականի օգոստոսի 1-ին Վլադիմիր իշխանը մկրտվեց և քրիստոնեություն ընդունեց: Խերսոնեսի տաճարում եղավ նաև Վլադիմիրի և Աննայի պսակը: Մի քանի օր խրախճանքից հետո՝ Կիևում Աննայի նախաձեռնությամբ Դնեպր գետում հազարավոր հեթանոս ռուսներ մկրտություն ընդունեցին:
Աննայի նախաձեռնությամբ Կիևյան Ռուսիայում ընդունվեցին և կիրառվեցին բյուզանդական օրենքներ: Բոլոր հեթանոսական սրբավայրերը կործանվեցին՝ նրանց փոխարեն կանգնեցվեցին եկեղեցիներ: Աննան նաև դպրոցներ բացեց Կիևի իշխանության ողջ տարածքում՝ որպեսզի հոգևորականներ պատրաստեն: Նա ամրապնդեց քրիստոնեությունը ռուսների մոտ, ինչպես նաև՝ Կիևյան Ռուսիան դրեց Բյուզանդիայի ազդեցության տակ: Այս առումով՝ Աննան կատարեց իր առաջ դրած բոլոր խնդիրները:
1012 թվականին Աննան դարձավ համաճարակի զոհ՝ 45 տարեկան հասակում: Վլադիմիր իշխանը շատ վշտացավ սիրելի կնոջ անժամանակ մահվան պատճառով: Նա մարմարյա տապան պատրաստել տվեց կնոջ համար, իսկ ռուս և հույն ուղղափառ եկեղեցիները Աննային սրբերի դասը կարգեցին:
Այստեղ տեղին է հիշել նաև հետևյալ փաստը. Երբ Բարսեղ Ա, ով անտոհմիկ զինվորական էր, բյուզանդական գահ բարձրացավ, իրեն վերագրեց Արշակունի ծագում: Նա անգամ հայոց Աշոտ Ա Բագրատունի (885-890) արքայից թագ խնդրեց՝ քանզի վաղ միջնադարում Բագրատունի ասպետները որպես թագադիր-արարողապետեր՝ հայոց արքաների թագադրման արարողության ժամանակ իրենք էին թագ դնում Արշակունի արքաների գլխին: Սա իհարկե, Հայաստանին սիրաշահելու քայլ էր Բարսեղ Ա-ի կողմից: Միաժամանակ, նա Բյուզանդիայի պետական զինանշանը հաստատեց հայոց Արշակունիների երկգլխանի արծիվը:
988 թվականին Աննան իր պսակի ժամանակ որպես ՙօժիտ՚ այդ զինանշանը տարավ Կիևյան Ռուսաստան, և 10-րդ դարից մինչ օրս հայոց Արշակունիների զինանշան երկգլխանի արծիվը դարձավ Ռուսաստանի պետական զինանշանը:
1453 թվականին, թուրքերի հարվածներից ընկավ Կոստանդնուպոլիսը՝ Երկրորդ Երուսաղեմը: Ռուսաստանում, Իվան Դ Ահեղի կառավարման տարիներին Մոսկվան հռչակվեց Երրորդ Երուսաղեմ՝ քրիստոնյա համայն ժողովուրդների մայրաքաղաք: Ինքը՝ Իվան Ահեղը, կայսերական թագ ու տիտղոս ստացավ: Այդ ժամանակներից Ռուսաստանի զինանշան արծիվների գլխին թագ հայտնվեց: