Fox ամերիկյան հեռուստաընկերությունն ապրիլի 20-ին հայտարարել է 90-ական թվականներին ժողովրդականություն վայելող «Գաղտնի նյութեր» սերիալի նկարահանումների շարունակման մասին. նոր սերիաների թողարկումը նախատեսված է 2017 թվականի վերջին-2018 թվականի սկզբին:
Ինչպես միշտ, հանդիսատեսների առջև կներկայանան Հետաքննությունների համերկրային բյուրոյի գործակալներ Ֆոքս Մալդերը և Դանա Սքալին, որոնք բացահայտում են առեղծվածային հանցագործությունները: Առաջվա նման գլխավոր դերերը կխաղան Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը: Պրոդյուսերը կլինի սերիալի ստեղծող Քրիս Քարթերը:
«Կուլտային գործող անձինք, հետաքրքիր սցենար և համարձակ հերոսներ. ահա հիանալի սցենարի գլխավոր բաղադրիչները: Եվ հենց դրա շնորհիվ են «Գաղտնի նյութերը» կարողացել ազդեցություն գործել միլիոնավոր երկրպագուների վրա ամբողջ աշխարհում,-հայտարարել է Fox-ի նախագահ Դևիդ Մեդենը:- Քրիսի կրեատիվությունը Դևիդի և Ջիլիանի փայլուն խաղի հետ միասին շարունակում են սնուցել այդ մշակութային ֆենոմենը, և մենք անհամբերությամբ ենք սպասում, թե ինչպես են Մալդերը և Սքալին կրկին գաղտնիքներ բացահայտելու «Գաղտնի նյութերի» նոր գլխում:
Այս հայտարարությունից անմիջապես հետո Անդերսոնը Twitter-ի իր էջում զետեղել է Դուխովնիի հետ համատեղ լուսանկարները, իսկ նրա գործընկերը՝ թվով 11-րդ եթերաշրջանի գովազդային պլակատը՝ դրանով իսկ հաստատելով, որ հանդիսատեսները շուտով տեսնելու են նոր սերիաները:
Սերիալն առաջին անգամ էկրան է բարձրացել 1993 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2002 թվականի մայիսին: Ինը եթերաշրջանների ընթացքում ցուցադրվել է 202 սերիա: Բացի այդ, թողարկվել է երկու լիամետրաժ ֆիլմ՝ «Գաղտնի նյութեր. Պայքար ապագայի համար» (1998 թ.) և «Գաղտնի նյութեր. Ցանկանում եմ հավատալ» (2008 թ.) ժապավենները:
Դրանից հետո զգալի ընդմիջում է եղել, բայց 2016 թվականին Fox-ը թողարկել է վեց նոր էպիզոդ: Հանդիսատեսի լսարանը կազմել է 16 միլիոն մարդ: Եվս մեկ եթերաշրջան ստեղծելու որոշումը սենսացիա չի դարձել. տակավին այս տարվա հունվարին Մեդենը լրագրողներին հայտնել էր, որ նկարահանումները շարունակվելու են, հարկավոր է միայն համաձայնեցնել հեղինակային կազմի գրաֆիկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: