Վեցից մինչև 15 տարեկան ավելի քան 25 մլն երեխաներ, որոնք բնակվում են 22 երկրներում, դպրոցական պարապմունքների չեն հաճախում զինված հակամարտությունների պատճառով: Ապրիլի 24-ին այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Վեցից մին չև 15 տարեկան ավելի քան 25 մլն երեխաներ, այսինքն՝ այդ տարիքային խմբի երեխաների 22 տոկոսը, դպրոց չի հաճախում հակամարտությունների ասպարեզի վերածված 22 երկրներում»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:
Տարրական դասարաններ պարապմունքների հաճախելիության ամենավատ ցուցանիշը գրանցվել է Հարավային Սուդանում, որտեղ դպրոցից դուրս է մնում երեխաների 72 տոկոսը, իրադրությունը փոքր-ինչ ավելի լավ է Չադում (50 տոկոս) և Աֆղանստանում (46 տոկոս):
Այս երեք երկրներում նաև գրանցված է դպրոց չհաճախող աղջիկների ամենաբարձր մակարդակը՝ համապատասխանաբար 76 տոկոս, 55 տոկոս և 53 տոկոս: Միջնակարգ դպրոցում պարապմունքների հաճախելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Նիգերում (32 տոկոս), Հարավային Սուդանում (40 տոկոս) և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (55 տոկոս):
«Կրթությունը երբեք այնքան մեծ կարևորություն չունի, որքան պատերազմի ժամանակ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության հարցերի բաժնի ղեկավար Ջոզեֆին Բոռնը:
«Առանց կրթության երեխաները չեն կարողանա բացահայտել իրենց ներուժը և ավանդ ներդնել իրենց ընտանիքների, համայնքների ու երկրների կայուն ապագայում»,- հավելել է նա:
Մինչդեռ ՅՈՒՆԻՍԵՖ-ում տագնապ են հնչեցնում կրթական ծրագրերի ֆինանսավորման միջոցների անբավարարության կապակցությամբ: Մանկական հիմնադրամի տվյալներով, 2010 թվականից այդ նպատակով ծախսվել է հումանիտար գործողությունների համար հատկացված գումարների 2 տոկոսից պակասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: