Մոսկվա կինոթատրոնում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա «3+2կգ» քրեական կատակերգություն ֆլիմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կորյուն Մայիլը ֆիլմի պրեմիերայից առաջ կազմակերպված ասուլիսին նշեց, որ ֆիլմն այսօրվա իրականության մասին է:
«Առանցքում երեք ընկեր են: Ֆիլմում վառ գույներով արտահայտվում է անդավաճան ընկերությունը, որն առկա է նույնիսկ ամենադժվարին փորձությունների ժամանակ: Հիմնական մեսիջն է՝ հեռու պահել երիտասարդներին թմրամիջոցներից»,– ասաց Կորյուն Մայիլը:
Ֆիլմում նկարահանվել են սիրված ու ճանաչված դերասաններ Արման Նավասարդյանը, Արման Գևորգյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Մարտիրոսյանը, Արթուր Պապիկյանը, Արա Սարգսյանը, Արթուր Հակոբյանը, Մխիթար Ավետիսյանը, Լիլիթ Գալստյանը և այլք:
«3+2 կգ»-ը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար, սակայն, ռեժիսորը վստահեցնում է, որ ծնողները կարող են վստահ լինել, ֆիլմը դիտելու դեպքում երեխաները ոչ մի գռեհիկ ու անպատշաճ կադր չեն տեսնի:
Դերասան Արման Նավասարդյանը նշեց, որ իրեն շատ հոգեհարազատ դեր է բաժին ընկել և ինքը մեծ սիրով է աշխատել ամբողջ նկարահանման ընթացքում:
«Այն կերպարը, որին ես պետք է մարմնավորեի, շատ ընդհանրություններ ուներ ինձ հետ, նման էր ինձ: Այնպես որ, ես մեծ ջանք չեմ գործադրել կերպարը մարմնավորելու ժամանակ: Շատ ուրախ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում, հավատացեք յուրաքանչյուրը սիրով է արել իր գործը»,- ասաց Արման Նավասարդյանը:
Դերասան Արման Գևորգյանը նույնպես մեծ ոգևորությամբ պատմեց ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին:
«Ես կարող եմ ասել, որ բավական պիոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Ներգրավված էին մարդիկ, ովքեր բծախնդիր մոտեցում էին ցուցաբերում իրենց գործին: Կարծում եմ հաջող ֆիլմ է ստացվել»,- ավելացրեց նա:
Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում, սցենարը գրվել է փետրվարին, նկարահանումների մեկնարկը տրվել է հունիսին: