Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի դիստրիբյուտորները քայլեր են ձեռնարկում` Հյուսիսային Ամերիկայի երկրներում ֆիլմի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգներում ինչ-որ խմբերի կողմից նախապես ամրագրվում են «Խոստումը» ֆիլմի մեծ քանակությամբ տոմսեր, որոնք դրա ցուցադրությունից ժամեր առաջ չեղյալ են համարվում, ինչի հետևանքով շատերը չեն կարողանում տոմսեր ձեռք բերել: Ֆիլմը կինոթատրոնում դիտողներից մեկը, ով չէր կարողացել ձեռք բերել տոմսեր լավ տեղերի համար, տեսնելով կիսադատարկ դահլիճը, բողոքել էր ներկայացրել կինոթատրոնի ղեկավարությանը, որն էլ բացահայտել էր կատարվածը:
«Ֆիլմի դիստրիբյոտորները տեղյակ են տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրների մասին և համապատասխան քայլեր են ձեռնարկում խնդրի ուսումնասիրման նպատակով, քանի որ նման միջադեպերի կրկնվող բնույթը լուրջ մտահոգություններ է առաջացնում ոչ միայն այս ֆիլմի, այլև ավելի լայն առումով այս ինդուստրիայի համար: Հորդորում ենք կապվել մեզ հետ, եթե իմանում եք ֆիլմի հաջողությունն արգելակող կասկածելի փորձերի մասին»,- ասվում է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ` կոչ անելով գնալ կինոթատրոններ և նպաստել ֆիլմի հաջողությանը ցուցադրության մյուս շաբաթների ընթացքում ևս: