Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը չի ստեղծվել ֆինանսական մեծ շահույթ արձանագրելու համար, դրա ստեղծման նպատակը լույս սփռելն է հաճախ անտեսվող պատմական իրադարձության վրա: Այս մասին գրում է հեղինակավոր Economist պարբերականը:
«Պատմական դրամա ազգային ողբերգության մասին` սա այն ֆիլմերից է, որը Հոլիվուդը սիրում է: Սակայն ավելի քան մեկ դար սցենարիստներն ու ստուդիաները երես են շրջել այս պատմությունից», գրում է լրատվամիջոցը` ներկայացնելով «Խոստումը» ֆիլմը, որում նկարահանվել են օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլոք: Ֆիլմի նկարահանումները հնարավոր եղան հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի շնորհիվ, ով ստեղծեց Survival Pictures ընկերությունը` նպատակ ունենալով կրթել աշխարհին Հայոց ցեղասպանության թեմայով:
«Խոստումը» ֆիլմի նկարահանման գործում նա ներդրեց 100 մլն ԱՄՆ դոլար: Ապրիլի 21-ից ցուցադրման դուրս եկած ֆիլմը առաջին շաբաթվա ընթացքում հավաքեց ընդամենը 4,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը պատմականորեն ցածր եկամուտ է 100 մլն դոլարանոց ֆիլմի համար:
Որոշ մասնագետների կարծիքով էլ` ողջ աշխարհում ֆիլմը կհավաքի 20 մլն ԱՄՆ դոլար, ինչը ձախողում կարող է համարվել ֆիլմի համար:
«Սակայն «Խոստումը» չի կարող դատվել միայն տնտեսական չափորոշիչներով, քանի որ Քըրքորյանը հետաքրքրություն չի ունեցել հետ ստանալ իր ներդրումը: Թերևս մենք չպետք է դատենք այն բացառապես գեղարվեստական չափանիշներով ևս:
«Խոստումը» ստեղծվել է լույս սփռելու հաճախ անտեսվող պատմական իրողության վրա, և անգամ միջին գնահատականներով գրախոսության ու դրամարկղի միջին թվերի պարագայում էլ այն հասնում է իր նպատակին: Մեկ օր, երբ Հայոց ցեղասպանության պատմությունը պաշտոնապես վերագրվի, «Խոստումը» ֆիլմը կունենա դրանում իր դերակատարումը», եզրափակվում է Economist-ում հրապարակված հոդվածը: