Մեր հասարակության մեջ տարածված երևույթ է, որ տարբեր հանգամանքների բերումով միջին տարիքից սկսած կանայք դադարում են սեռական կյանքով զբաղվել: Մենք Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կնոջ մոտ, եթե նա դադարում է սեռական կյանքով զբաղվել:
Ի պատասխան՝ Վ. Շահրամանյանն ասաց, որ սեռական կյանքի բացակայությունն այն պարագայում, երբ կինն ունեցել է փորձ, բայց ինչ-ինչ պատճառներով զրկվում է սեռական կյանքի հնարավորությունից, ինչ-որ խնդիրներ կարող է առաջացնել. «Բնականաբար, ինքը ժամանակի ընթացքում սկսում է հարմարվել այդ իրավիճակին, բայց այդ հարմարվելուն զուգահեռ՝ կարող են առաջանալ որոշ խնդիրներ. կարող են առաջանալ նևրոզներ, ընդ որում, նևրոզներն իրենց հերթին՝ բերում են բարդություններ՝ հատկապես մարմնական առումով, որովհետև նևրոզը շատ դեպքերում դրսևորվում է մարմնական գանգատներով: Կարող են առաջանալ հորմոնալ խանգարումներ, ընդ որում՝ բավականին լուրջ: Քիչ չեն դեպքերը՝ կապված կրծքագեղձի քաղցկեղի հետ, որը նույնպես սեռական կյանքի վաղեմի բացակայության հետևանք է: Նաև վարքագիծն է փոխվում, որոշ ոչ ադեկվատ դրսևորումներ, և այլն, բայց այդ ամեն ինչն աստիճանաբար է ձևավորվում, եթե ինքը երկար ժամանակ չի ունենում սեռական կյանք»:
Սեքսոպաթոլոգը նշեց, որ այլ պատկեր է այն կանանց մոտ, ովքեր ընդհանրապես սեռական հարաբերություններ չեն ունեցել. «Ավելի զուսպ են, ավելի հանգիստ, այսինքն՝ այն կարծրատիպը, որ կա, իբր սեռական կյանքի փորձ չունեցող աղջիկը վայրագ է, անզուսպ է, շատ դեպքերում իրականությանը չի համապատասխանում, որովհետև ինքը չունի այդ փորձը և չգիտի՝ դա ինչ է: Իրենց մոտ ավելի հարթ է ընթանում այդ վիճակը»:
Անի Քեշիշյան