Իտալիայի Լիվեռնո քաղաքում բնակվող Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը, ով Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին ժառանգն է, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի մոտ 3 դար վաղեմություն ունեցող (1724) թվականի մագաղաթյա ձեռագիր մատյանը՝ ընտանիքի տոհմածառի հետ միասին: Այն սկիզբ է առնում 1364 թվականից Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից և ավարտվում 1738 թվականով՝ ընտանիքից Գրեգորիո անունով մի անձով:
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ նվիրաբերված փաստաթղթերը շատ կարևոր նշանակություն ունեն ուշ միջնադարի հայկական գաղթօջախների, գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար:
«Այս ընտանիքը նաև մեծ բարեգործություններ է արել հայկական եկեղեցիների վերակառուցման, վերանորոգման առումով: Մեծ կարողության տեր ընտանիք են եղել, եվրոպական տարբեր քաղաքներում հաստատել են իրենց գրասենյակները և վաճառատները: Եկել, հասել են մինչև մեր օրերը և փաստորեն, նրանց վերջին ժառանգը որոշում է կայացրել ընտանեկան այդ մասունքները, սրբությունները մի ապահով տեղ հանձնել և անշուշտ նախևառաջ հայրենիքի մասին է մտածել: Այստեղ դրանք լավ կպահպանվեն, անհրաժեշտության դեպքում կնորոգվեն, կցուցադրվեն, կուսումնասիրվեն: Կարծում եմ՝ այստեղ բավականին հարուստ նյութ կա, որից կարող են օգտվել պատմաբանները: 17-18-րդ դարերի նմուշներ են՝ մեկ ձեռագիր և վեց արխիվային փաստաթուղթ, որոնք բոլորն էլ շատ արժեքավոր են, հիմնական լեզուն իտալերենն է, կա նաև լատիներենով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը, ով իտալահայ Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանին շնորհեց Մատենադարանի հուշամեդալ:
Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանն այժմ հասարակական գործունություն է ծավալում տեղի հայ համայնքում, աշխատում է գիտական հետազոտության ուղղությամբ, որի թեման տեղի հայ համայնքն է, հատկապես նրա գերդաստանը: Նա նշեց, որ նվիրաբերելու որոշումը դժվարությամբ է կայացրել. թեպետ ընտանիքը մեծ հոգածությամբ է պահպանել ձեռագրերը և փոխանցել սերնդեսերունդ, այնուամենայնիվ, այնտեղ լավագույն պայմաններ չկային դրանց պահպանման համար:
«Ես այստեղ տեսա, թե ինչ պայմաններում են պահվում մշակութային արժեքները, որոշեցի, որ սա այն լավագույն վայրն է, որտեղ դրանք պետք է հանգրվանեն: Ես ոչ մի առիթ բաց չեմ թողնում հնչեցնելու հայերի և իմ ընտանիքի անդամների մասին: Ես արդեն իսկ ծրագրել եմ հաջորդ տարի այստեղ վերադառնալ»,- ասաց Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը՝ նշելով, որ ևս մեկ պատճառ կա, թե ինչու է նա որոշել ձեռագրեր բերել հայրենիք:
«Չգիտեմ՝ սա պատահականություն է, թե ոչ, բայց Գիրակ Միրման իտալական ճյուղի հիմնադիրը՝ Գրեգորիոն մահացել է հուլիսի 2-ին: Նույն օրը, նույն ամսին ես եմ ծնվել՝ գերդաստանի վերջին ժառանգս՝ կարծես այսպես փակելով այդ գերդաստանի շառավիղը»,- նշեց նա:
Ձեռագրերը հասանելի են ցուցադրության համար:
Միրմանյանները Նոր Ջուղայի մեծատուն վաճառականներից էին և տոհմիկ ազնվականներ: Գերդաստանի իտալական ճյուղի հիմնադիրը 1612 թվականին Նոր Ջուղայում ծնված Գիրակի որդի Գրեգորիո Միրմանն է, որը զբաղվում էր թանկարժեք քարերի և մետաքսի առևտրով: 1688 թվականին Միրման Գիրակի հոգածությամբ ամբողջովին վերակառուցվել և ընդարձակվել է Վենետիկի Սբ. Խաչ եկեղեցին: