Ոչ բջջային կապ, ոչ հեռուստացույց, ոչ ռադիո, ոչ ինտերնետ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցն է։ 29196 հեկտարանոց այս տարածքը կազմավորվել է 1958 թվականին՝ Արարատի մարզում՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակերևույթից 900-2400 մ բարձրության վրա՝ հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով։
Ըստ Մովսես Խորենացու՝ Խոսրով Բ թագավորի (գահակալել Է 330-338 թվականներին) հրամանով այս տարածքում ստեղծվել Է «Խոսրովակերտ» անտառը (այստեղից՝ արգելոցի անվանումը) և բնակեցվել որսի կենդանիներով ու թռչուններով։
Ողջ կովկասում աճող 3500 տեսակի բույսերից միայն 1849 տեսակն այս տարածքում է աճում, սրանցից ավելի քան 80 տեսակն էլ գրանցված է Կարմիր գրքում։ Տարվա այս եղանակին աճել են հիմնականում Կովածաղիկները. քաղցր բույր ունեն:
Արգելոցում կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների՝ 9, սողունների՝ 30, թռչունների՝ 142, կաթնասունների 50 տեսակ։ Արգելոցի ժայռերի ու գիրի անտառներում բնակվում են գորշ արջը, լայնականջ ոզնին, գայլ, նապաստակ, մուֆլոն, բեզոարյան այծը և կովկասյան ընձառյուծը՝ հովազը, որի հետքերով էլ գնացինք ապրիլի 30-ին։ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագիրը կազմակերպել էր «Ընձառյուծի հետքերով» տեղեկատվական արշավը։
Բնության համաշխարհային հիմնադրամի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ընձառյուծի ապրելավայրերից մեկն է: Այս կենդանիները «մարդատյաց» են։ Արգելոցում աշխատակիցներ կային, որ 15 տարվա մեջ գեթ մեկ անգամ ընձառյուծի չեն հանդիպել, սակայն ֆոտոթակարդները ժամանակ առ ժամանակ նրանց ֆիքսում են։
Ամբողջությամբ՝ a1plus.am