Ի՞նչն է գեղեցկացնում կնոջը. այս հարցի պատասխանն ունի անհատական մոտեցում: Յուրաքանչյուր կին ունի գեղեցկության իր բանաձևը: Tert.am Life–ը «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի հետ զրուցել է գեղեցկության իր բանաձևի մասին։ Իրինան առանձնացրեց 7 կետ, որոնք, իր կարծիքով, գեղեցկացնում են կնոջը:
Կանացի հմայքը. կինը կարող է լինել արտաքնապես գեղեցիկ, բայց չլինել հմայիչ: Կնոջ ամենամեծ զենքը հմայքն է: Իր վարվելակերպը, պահելաձևը, ներկայանալու կուլտուրան, ներդաշնակությունը շատ կարևոր են: Երբ կինը միայն արտաքնապես է գեղեցիկ, բայց զուրկ է թվարկածս հատկություններից, չի գրավում ոչ մեկի և դառնում է վանող:
Բարությունը. հատկապես մեր օրերում կինն այնքան բարի պետք է լինի, որ կարողանա ճիշտ սերունդ կրթել: Չարությամբ լցված կանայք միշտ սխալներ են գործում և վատ օրինակ ծառայում նոր սերնդին: Բարությունն ակամայից գեղեցկացնում է կնոջը, քանի որ ներքին գեղեցկությունը արտաքուստ էլ է երևում:
Խնամքը. կինը, որը խնամված չէ արդեն շատ վատ է: Խնամված լինելը միայն գեղեցկության սրահներում ժամանակ անցկացրած կանայք չեն, որոնք դիմահարդարվում են, նոր սանրվածքներ են անում: Կինը կարող է տանն էլ իրեն խնամել և հետևել հիգիենային: Կինը միշտ պետք է անուշ բուրի:
Խելացիությունը. երբ խոսում ես կնոջ հետ, կարող ես հասկանալ` խելացի՞ է, թե՞ դատարկ: Խոսքն ընդհանուր զարգացվածության մասին է` կապ չունի` նա կրթվա՞ծ է, թե՝ ոչ: Դատարկ կանայք հիմնականում խոսում են բրենդներից, հագուստներից և այլն։ Հատկապես հիմա իմ շրջապատում այնքան շատ են նման կանայք։ Նրանց հետ շատ չեմ շփվում, բայց, ժամանակ առ ժամանակ, ուզեմ, թե ոչ առնչվում եմ նման մարդկանց: Դա ինձ համար անտանելի է, այդ մարդու հետ խոսելու ոչինչ չունեմ:
Ժամանակակից և ակտիվ. կինը պետք է իր առօրյայում ակտիվ լինի: Նա պետք է ձգտի իր օրն ավելի հետաքրքիր դարձնել, նոր աշխատանքներ ձեռնարկել: Եթե, անգամ, կինն իր ժամանակը տանն է անցկացնում, պետք է ինչ-որ բանով զբաղվի: Աշխատանքը գեղեցկացնում է կնոջը:
Գեղեցիկ մարմին. կինը միշտ պետք է հետևի իր կառուցվածքին և ֆիզիկապես լինի առույգ: Կնոջը չի սազում ճկուն չլինելը: Կարևոր չէ` քանի տարեկան է: Կինը պետք է միշտ ժամանակ հատկացնի իրեն մարզասրահ հաճախելուն:
Մայր լինելը. ինձ համար գեղեցիկ կինը շատ լավ մայր լինելն է, որը կնոջ գեղեցկության լիարժեք պատկերն է: Մայր լինելն այդքան էլ հեշտ չէ: Եթե մնացած կետերին կինը կարող է հասնել, լավ մայր լինելն ամենաբարդն է: Բազմազավակ մայրերը, որոնք կարողանում են երեխային ճիշտ դաստիարակել, կրթել, լավագույնն են: Ես դեռևս ինձ չեմ դասում իրենց շարքին, քանի որ երեխաներս փոքր են, չգիտեմ` հետո ինչ կլինի: Չնայած ամեն ինչ անում եմ ու հուսով եմ` հետագայում ամեն ինչ լավ կլինի:
Ամբողջությամբ՝ life.tert.am