Ապրիլի 23-ից Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավարում» մեկնարկել է նկարիչ Վահագն Մարգարյանի առաջին անհատական «Գարնանային» խորագիրը կրող ցուցահանդեսը:
«Ներկայացրել եմ աշխատանքներ գարնանային թեմայով, ինչպես նաև քաղաքային` Երևանի մասին: Առհասարակ, հիմնականում քաղաքային դրվագներ են, գրաֆիկական աշխատանքներ, խճանկարներ, որոնք ապահովում են քաղաքային կոլորիտը: Իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, սակայն մինչ այդ այլ խմբակային ցուցադրություններին մասնակցություն ունեցել եմ: «Գարնանային»-ում ներառված են 20 աշխատանքներ և 20 օր կցուցադրվեն «Նավավարում»»,- Asekose.am-ին ասաց Վահագն Մարգարյան:
Վերջինիս խոսքով` նկարչությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից, ավելի ուշ ընդունվել և ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, սակայն այնպես է ստացվել, որ նկարչությունը գրեթե միշտ համատեղել է նաև այլ աշխատանքների հետ:
«Նկարչության հետ զուգահեռ պարի եմ հաճախել, հետագայում նաև երաժշտությամբ եմ զբաղվել: Ներկայումս նկարչությունն է իմ հիմնական զբաղվածությունը, սակայն այն համատեղում են նաև պարի հետ: Օգնում եմ կնոջս` Շուշանին, ով պարուհի է, միասին պարում ենք նրա`«Շուշան» պարային համույթում, բացի այդ այս ամենն ինձ հետաքրքիր է շատ»:
Վահագն Մարգարյանը դժվարացավ հստակեցնել իր հետագա քայլերը` ասելով, որ իր աշխատանքները ցույց կտան նաև ընթացքը, թե ուր պետք է շարժվել, սակայն նոր ցուցադրություններ նախատեսվում են: Նկարիչը զրույցի ընթացքում նշեց նաև, որ ցուցահանդեսում ներառված աշխատանքները վաճառքի ենթակա են, արժեքը սկսվում է 15.000 դրամից և տատանվում է մինչև 300.000 դրամ:
Հավելենք, որ այս օրերին «Նավավարում» դեռ կարող ենք ծանոթանալ Վահագն Մարգարյանի «Գարնանային» ցուցահանդեսին: