Վելինգթոնը (Նոր Զելանդիա), Էդինբուրգը (Շոտլանդիա) և Վիեննան (Ավստրիա) կյանքի ամենաբարձր որակով առանձնանում են աշխարհի խոշոր քաղաքների թվում. այս եզրակացության են հանգել Deutsche Bank-ի վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են կեցության արժեքը, աղտոտվածության մակարդակը, կլիմայական պայմանները, բնակարանի գները և այլ գործոններ:
Ինչպես գրում է Financial Times-ը, փորձագետները՝ Ջիմ Ռիդի գլխավորությամբ, հենվել են Numbeo քրաուդսորսինգային կայքի տվյալների վրա:
Առաջին տասնյակում տեղ գտած քաղաքներից ոչ մեկը չի կարելի ապրուստի առումով էժան համարել, բայց դրա հետ մեկտեղ դրանց մեծ մասում բարձր են բնապահպանական մաքրության, տրանսպորտային հասանելիության (բացառությամբ Վելինգթոնի) և առողջապահության ցուցանիշները:
Չորրորդ տեղը փորձագետները հատկացրել են Մելբուռնին, հինգերորդը՝ Ցյուրիխին: Երկրորդ հնգյակում հայտնվել են՝ Կոպենհագենը, Օտտավան, Բոսթոնը, Ամստերդամը և Սիդնեյը:
Ամենամեծ և խիտ բնակեցված քաղաքները, ներառյալ Լոնդոնը և Նյու Յորքը, հայտնվել են ցուցակի վերջնամասում:
Սակայն Deutsche Bank-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ ուսումնասիրության մեջ հաշվի չեն առնվել սոցիալիզացիայի և ուրախ ժամանցի հնարավորությունները, իսկ շատերը Լոնդոնը կամ Նյու Յորքն են ընտրում հենց այդ պատճառով:
Կյանքի որակի վերաբերյալ քաղաքների հեղինակավոր վարկանիշում, որը կազմվել է Mercer կոնսալտինգային ընկերության կողմից, 2017 թվականին աշխարհում առաջին տեղը պահպանել է Վիեննան, երկրորդը՝ Ցյուրիխը, Վելինգթոնը հայտնվել է 15-րդ, իսկ Էդինբուրգը՝ 45-րդ հորիզոնականում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: