Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն կմարմնավորի Պիոս IX պապին կաթոլիկների կողմից հրեա երեխայի առևանգման մասին ֆիլմում՝ հայտնում է NME-ն: Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Բալտասար Կորմակուրը լիովին նույն սյուժեով ֆիլմին զուգահեռ, որի վրա աշխատում է Սթիվեն Սփիլբերգը:
Նույն սյուժեով երկու ֆիլմերի հետ կապված իրավիճակը ստեղծվել է, երբ ապրիլին Սփիլբերգի և պրոդյուսեր Հարվի Վայնսթայնի միջև տարաձայնություններ են եղել, և վերջինս որոշել է իր սեփական նախագիծը ստեղծել Կորմակուրի հետ:
Կորմակուրը նկարահանումները կսկսի 2017թ. հունվարին, իսկ Սփիլբերգը՝ նույն տարվա գարնանը:
Ֆիլմերը Էդգարդո Մորտարայի իրական պատմության մասին են, որին 1858թ. 6 տարեկանում բռնի վերցրել են հրեական ընտանիքից կաթոլիկ հավատքով դաստիարակելու համար: Տղայի առևանգումը նախաձեռնել էր Պիոս IX պապը: Էդգարդոյին ընտանիքին վերադարձնել չի հաջողվել: Մեծանալով՝ նա դարձել է կաթոլիկ հոգևորական:
Սփիլբերգի նախագծում Պիոս IX պապին կմարմնավորի Մարկ Ռայլենսը: