Ստոկհոլմի պատմական «Գրանդ» կինոթատրոնի լեփ լեցուն դահլիճում մայիսի 9-ին տեղի ունեցավ «Խոստումը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որը կազմակերպել էր Շվեդիայում ՀՀ դեսպանությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պրեմիերային ներկա էին մի քանի տասնյակ դեսպաններ և պատգամավորներ, բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, ցեղասպանագետներ, Շվեդիայի հայկական, ասորական և քրդական համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ ունեցավ շվեդ հայտնի կինոռեժիսոր Պեո Հոլմքվիստը, որի «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական ֆիլմը 1989թ. արժանացել էր Շվեդիայի կինոակադեմիայի բարձրագույն՝ Գյուլդբագե մրցանակի։
Ցուցադրությունից հետո ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն։ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն շնորհակալություն հայտնեց շվեդ այն քաղաքական գործիչներին, գիտնականներին և մամուլի ներկայացուցիչներին, որոնք տասնամյակներ շարունակ իրենց անուրանալի ավանդն են ներդրել Շվեդիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման և շվեդ հանրությանն իրազեկման գործում։