Ժողովրդականություն վայելող ամերիկացի դերասաններ Ջեկի Չանը և Սիլվեստր Ստալոնեն միասին են խաղալու նոր մարտաֆիլմում: Ինչպես հայտնել է The Hollywood Reporter հանդեսը, կինոժապավենի ռեժիսորը, որը բոլոր հիմքերն ունի բլոքբասթեր դառնալու, լինելու է Սքոթ Վոգը:
«Էքս-Բաղդադ» անվանումը կրող կինոնախագծում Չանին և Ստալոնեին հատկացվում են գլխավոր դերերը: Ֆիլմը կներկայացնի հատուկ նշանակության ուժերի երկու նախկին մարտիկների պատմությունը, որոնք Բաղդադում մի խումբ քաղաքացիական անձանց «մահվան ճանապարհով» ուղեկցում են մինչև անվտանգ «Կանաչ գոտի»:
Ապագա կինոժապավենի հեղինակները հույս ունեն, որ այն մեծ ուշադրության կարժանանա ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ուրիշ երկրներում, քանի որ 63-ամյա Չանը և 70-ամյա Ստալոնեն առաջվա պես մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում: Ֆիլմի բյուջեն կկազմի 80 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: