«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում: Կմասնակցեն նաև հայտնի ու ճանաչված աստղեր:
Մրցույթի աստղային հյուրերի թվում են ռուս հայտնի երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, բազմաթիվ միջազգային ստուգատեսների մասնակից Միշել Դարը, հանրահայտ ռուս հաղորդավարուհի Եկատերինա Գուսևան, երգչուհի, մոդել, դերասանուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Բուկատարան (Մարիա Բուկատար), հեռուստառադիոհաղորդավար, իմպրովիզացիաների արքա Պավել Դիկանը, երգչուհի, «Իքս-ֆակտոր» շոուի մասնակից Ալիսա Դանելիան, ռուսական սիրված «Голос» նախագծի մասնակից, Ագուտինի թիմի անդամ, ինչպես նաև «Նոր ալիք-2012» մրցույթում հանդես եկած երգիչ Մայքլ Բլեյզը, ովքեր երեկոն կզարդարեն իրենց ելույթներով:
Մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն:
Նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում: «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Հայաստան:
«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: Շուտով հայտնի կդառնան այն գեղեցկուհիների անունները, ովքեր հեղինակավոր ստուգատեսին կներկայացնեն Հայաստանը: