«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը նոր հաղորդավարուհի ունի: Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն այսուհետ սիրված ծրագրի շրջանակներում Ավո Խալաթյանի հետ միասին բարի լույս կմաղթի հեռուստադիտողներին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմել է նոր աշխատանքի և թիմում անմիջապես ինտեգրվելու մասին:
«Ճիշտ է՝ տարբեր միջոցառումներ վարելու փորձ ունեմ, սակայն սա առաջին անգամն է, որ հեռուստատեսությամբ որպես հաղորդավարուհի եմ ներկայանում: Անկեղծ ասած՝ այս ընթացքում տարբեր աշխատանքների առաջարկներ ունեցել եմ, բայց սա առանձնացավ ու գրավեց հիմնականում նրանով, որ շաբաթվա մեջ միայն 2-3 օր պետք է զբաղված լինեի, այն էլ առավոտյան ժամերին: Քանի որ աղջիկս դեռ փոքր է, նա մեծ ուշադրություն ու խնամք է պահանջում, ուստի կարճ զբաղվածություն չունենալու դեպքում՝ չէի համաձայնի»,- նշեց Լուսինեն ու շարունակեց. «Ինչպես նշեցի՝ հեռուստատեսային դաշտում որպես հաղորդավարուհի ներկայանալու առաջին փորձս է, սրան գումարած ուղիղ եթեր դուրս գալը շատ բարդ է ու գերուշադրություն է պահանջում, սակայն աշխատանքային խումբն այնքան լավն է, որ այդ խնդիրները շատ փոքրիկ ու հաղթահարելի են դառնում: «Բարի լույս»-ի ողջ թիմը միմյանց հանդեպ տրամադրված են դրականորեն, նրանք կարողացել են իսկական ընտանեկան մթնոլորտ ստեղծել, ու ինքս էլ ոչ մի վայրկյան չզգացի, որ այս ընտանիքում ես նորեկ եմ: Նրանք ինձ մեծ ուժ տվեցին, որի շնորհիվ կարողացա անմիջապես մտնել առավոտյան թողարկման ռիթմի մեջ ու հասկանալ, որ վախենալու պատճառ չկա: Ես սիրում եմ հեռուստատեսային դաշտը և այստեղի հետ կապված յուրաքանչյուր բան ինձ հաճույք է պատճառում»:
Լուսինե Թովմասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր եթերների օրը փորձում են դստերը շեղել, որպեսզի նա հեռուստացույցով մայրիկին չտեսնի. «Եթե աղջիկս հեռուստացույցով տեսնի ինձ, ապա անմիջապես ինձ կուզի տեսնել, այդ իսկ պատճառով փորձում ենք նրա առավոտներն այնպես կազմակերպել, որպեսզի այդ ժամին հեռուստացույց չդիտի: Դե իսկ, երբ վերադառնում եմ ու իր հետ դիտում եմ այդ օրվա հաղորդումը, նա ուշադիր նայում է, ապա ասում՝ «Իսկ հիմա եկեք Արիանային նայենք»: Աղջիկս ուզում է, որպեսզի մայրիկին տեսնելուց հետո, իրեն տեսնի հեռուստացույցով»,- պատմեց Լուսինեն՝ նշելով, որ 2.5-ամյա փոքրիկն արդեն լիարժեք խոսում է ու իրենց առօրյան լցնում է բազում հարցերով: