Պատահաբար հայտնաբերված հայ նկարչի նկարները գնահատվում են $30 միլիոն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատահաբար հայտնաբերված հայ նկարչի նկարները գնահատվում են $30 միլիոն

Լոնգ Այլենդի փոքրիկ արվարձանում բնակվող անհայտ գեղանկարչի աշխատանքները, որոնք պատահմամբ են հայտնաբերվել, գնահատվում են մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքները 2006 թ. գտել է Թոմ Շուլցը: Նա այդ ժամանակ գնել է փոքրիկ քոթեջ՝ գարաժով՝ Բելպորտում, իբրև ներդրումային գումար ծառայեցնելով 300 000 դոլար: Նախկին մթերայինի տերը՝ Շուլցը, տունը գնելիս, համաձայն նախորդ տիրոջ ցուցումի, պետք է ազատվեր այնտեղի նկարներից:

Բայց, երբ նա տեսավ այդ հավաքածուն, ուր կար մոտ 7 000 նկար և ամսագիր, չկարողացավ այդ ամենից ազատվել:

«Դա ինչ-որ մեկի կյանքի իմաստն է եղել և պարզապես դեն նետել այդ ամենը չէր կարելի»,- ասում է Շուլցը: Իսկ նկարները պատկանել են նախկինում անհայտ, հայկական ծագումով ամերիկացի նկարիչ Արթուր Փինաջյանին: Նա եղել է Երկրորդ աշխարհամարտի վետերան, կոմիքսների հեղինակ և ծաղրանկարիչ:

Մինչև իր մահը՝ 1999 թվականը, Փինաջյանը քրոջ հետ ապրել է Բելպորտում: Իսկ ընկերները, ասենք Նիք Դի Պաոլոն, որն աշխատում է տեղի մթերային խանութում, և ուր հաճախ այցելել է Փինաջյանը, հիշում է նրան որպես համեստ մարդ, ով նկարում էր զուտ հաճույքի համար, երկրպագելով արվեստը: «Ես չեմ հավատում, որ նա երբևէ նկար վաճառեր կամ փառքի ձգտեր»,-  ասաց Դի Պաոլոն:

Անանուն մնալը ավարտվեց այն ժամանակ, երբ Շուլցը Փինաջյանի աշխատանքները ներկայացրեց մասնագետներին, օրինակ՝ Փիթեր Հասթինգս Ֆոլքին: Նա ժամանակին գնահատել է Էնդի Ուորհոլի տանը ներկայացվող աշխատանքները: Ֆոլքը նկարագրելով Փինաջյանի աշխատանքները, ասում է, որ դրանք լիրիկական աբստրակտ բնապատկերներ են:

Արվեստի պատմության մասնագետներից մեկն այդ աշխատանքները նկարագրում է իբրև փայլուն կոլորիստի աշխատանքներ:

Այժմ Փինաջյանի աշխատանքները ցուցադրվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի ցուցասրահներում: Նկարներից մի քանիսը, որոնք բախտի բերմամբ չհայտնվեցին աղբանոցում գնահատվում են 25 – 35 միլիոն ԱՄՆ դոլար: Մի քանի նկար արդեն վաճառվել են 500 000 դոլարով: Այս պահին Մանհեթենի Fuller Building-ում վաճառվում են նրա աշխատանքներից 50-ը:

Շուլցի խոսքերով. «Նկարիչը երազել է ցուցադրվել Նյու Յորքում: Կարծում եմ, որ նա հիմա երկնքից մեզ է նայում և ուրախանում է»: Իսկ այն, որ Շուլցը կարողանում է հիանալ և հասկանալ արվեստի գործերը, պարտական է իր հորը, քանի որ դեռ փոքր տարիքից հայրը սովորեցրել է տեսնել, սիրել և գնահատել արվեստը:

Ահավասիկ՝ Արթուր Փինաջյանի անունը կրող կայքի հասցեն՝ pinajianart.com

armeniangc.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը