Պատմաբան Կարեն Մաթևոսյանն Facebook-յան իր էջում գրում է. «ՄՈՄԻԿՅԱՆ ՆՈՐ բացահայտում։ Երեկ Տեր Սահակը նամակով ինձ ուղարկեց Նորավանքի Բուրթելաշեն Ս. Աստվածածնի առաջին հարկ-տապանատան առաստաղի քանդակների լուսանկարները` չորս ավետարանիչների խորհրդանիշներով։ Դրանցից երեքը նույն պահին հրապարակեցի, իսկ մեկը` ամենահետաքրքրականը, դնում եմ հիմա։ Այն արծվի պատկերն է, որի աչքի մոտ հստակ երևում է «մ» տառը։ Դա նկատել էր Տեր Սահակը և իր նամակում գրել. «Մոմիկի Մ տառը արծվի աչքի մեջ»։ Սա շատ կարևոր բացահայտում է, քանի որ ցայժմ գիտական գրականության մեջ թեական է համարվել այն հարցը, թե արդյո՞ք Մոմիկը մասնակցել է այս եկեղեցու կառուցմանը, թե՞ այն միայն նրա նախագծով է ստեղծվել։ Բանն այն է, որ Մոմիկի հիշատակի խաչքարի վրա նշված է 1333 թվականը, իսկ եկեղեցու ավարտի վիմագրում` 1339 թ.։ Տապանատան քանդակի վրա Մոմիկի անվան սկզբնատառի առկայությունը հարցը լուծում է շինարարությանը Մոմիկի անմիջական մասնակցության օգտին։
Նորավանքի` «սակավ հայտնի էջեր» թեման ամփոփեմ տապանատան արևելյան պատի լուսանկարով, որտեղ երևում է մեծադիր խաչաքանդակը, իսկ նրա վերնամասում եղել է Խնդրարկուի կամ Բարեխոսության (Դեիսուս) պատկերաքանդակը։ Ցավոք այժմ երեք կերպարներից միայն մեկն է պահպանվել` ձախ կողմում` Աստվածամոր քանդակը։ Նրանից աջ և վեր Քրիստոսի պատկերի ուրվագիծն է միայն երևում։ Իսկ ավելի աջ` Հովհաննես Մկրտչի քանդակով քարն ընդհանրապես տեղահանված է։ Բարեխոսության որմնանկար կա Անիում, Տիգրան Հոնենցի ժայռափոր տապանատանը»։
Լուսանկարները՝ Տեր Սահակի։