Պատժիչ գործողություն շփման գծում. Ինչ որոշում է կայացվելու. lragir.am
Advertisement 1000 x 90

Պատժիչ գործողություն շփման գծում. Ինչ որոշում է կայացվելու. lragir.am

lragir.am-ը գրում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել, որը հայկական կողմն աննախադեպ, հասցեական և ոչ ստանդարտ է անվանել: Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ մայիսի 15-ին Ադրբեջանը հրթիռ է արձակել ու թիրախ խոցել շփման գծին, որի դեմ հայկական կողմը պատասխան գործողություններ է ձեռնարկել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է տալիս հրադադարի պահպանման ջանքերին, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանի խոսքով, եթե հայտարարությունը հասցեական է, հստակ գնահատական է հնչում, իրերն իրենց անուններով են կոչվում, դա կարող է հիմք լինել նոր գործընթացի համար, որտեղ հրադադարը խախտողը պատասխան կտա իր գործողությունների համար:

Բաբայանը կարծիք է հայտնել, որ հայտարարություններին համապատասխան գործողություններ կհետևեն, որոնք, հնարավոր է, հրապարակային չեն լինի: Ի՞նչ գործողություններ կարող են հետևել համանախագահների հայտարարություններին:

Մարտի 8-ին Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հակամարտության գոտում պետք է սարքավորումներ տեղադրել, որոնք ոչ միայն կարձանագրեն հրադադարը խախտողին, այլ նաև կպատժեն:

Այն ժամանակ ենթադրություններ եղան, որ Ֆրանսիան առաջարկում է ոչ միայն դիտարկող սարքեր տեղադրել, այլ նաև զենք, որը թույլ կտա արձանագրել խախտողին և խոցել թիրախը, որտեղից իրականացվել է հարձակումը:

Այս առաջարկը լայն արձագանք չի ստացել, սակայն բաց է մնում հարցը, թե ինչու են համանախագահները սարքավորումներ տեղադրում, որոնք կարձանագրեն խախտողին, սակայն չեն պատժի: Ի՞նչ կարող է ձեռնարկել Միջազգային հանրությունը, բացի խախտումն ուժային մեթոդով պատժելուց:

Այն, անկասկած, մեծ գործիքակազմ ունի՝ սկսած քաղաքական պատժամիջոցներից, տնտեսական շրջափակումից, զենքի էմբարգոյից, վերջացրած, օրինակ, Արցախի անկախության ճանաչմամբ և ՄԱԿ-ում տարածաշրջանի նոր սահմանների քննարկմամբ: Ի՞նչ միջոցներ կձեռնարկի միջազգային հանրությունը:

Ակնհայտ է, որ այդ հանրությունը միատարր չէ, և անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ներսում միասնություն չկա այն հարցում, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել հրադադարը խախտողի նկատմամբ: Առանց պատժամիջոցների իմաստ չկա որոշել, թե ով է առաջինը խախտել հրադադարը և հասցեական ու անհասցե հայտարարություններ անել:



Նման նյութեր