Լատվիայում ՀՀ դեսպանությունը մայիսի 19-ին Ռիգայի «Սունս» կինոթատրոնում կազմակերպել էր «Խոստումը» կինոֆիլմի հատուկ դիտում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախքան դիտումը բացման խոսքով հանդես եկավ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս), ով նշեց, որ նման կինոժապավենների նկարահանումն ընդհանուր առմամբ միտված է ցեղասպանությունների և հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ գլոբալ տեղեկացվածության բարձրացմանը, ինչը պետք է դիտարկել որպես ցեղասպանությունների կանխարգելման միջազգային պայքարի մի մաս:
Դեսպանը նաև հավելեց, որ «Խոստումը» ֆիլմը միայն անցյալի մասին չէ, այն սիրո, պայքարի, մարդասիրության, ապրելու, արարելու և վերածնվելու խոստման մասին է. նրա ուղերձն առավելապես ուղղված է ներկային և ապագային:
Դիտմանը հրավիրված հյուրերը, որոնց թվում էին Լատվիայի իշխանության գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին կյանքից հեռացած ֆիլմի կոմպոզիտոր Քրիս Քորնելի հիշատակը: Դիտման ավարտից հետո տեղի ունեցավ ընդունելություն: