Երևանում մայիսի 22–26–ն իտալական ֆիլմերի շաբաթ է: Այս անգամ կինոփառատոնում տեղ են գտել տարբեր ժանրերի ֆիլմեր` դրամայից մինչև կատակերգություն։ Երեկ` մայիսի 22–ին, «Մոսկվա» կինոթատրոնում սկսվեց իտալական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունը։
Tert.am Life–ի հետ զրույցում Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին նշեց, որ այս տարի այնպիսի ֆիլմեր են ընտրվել, որ հայ հասարակությունը գոհ մնա։
«Հայերը շատ պահանջկոտ են։ Այս անգամ մենք ընտրել ենք իտալական ժամանցային ֆիլմեր, որոնք տարբեր ժանրերի են։ Եթե նախորդ տարի բոլոր ֆիլմերը կնոջ մասին էին, այս տարի թեմաները տարբեր են։ Այսօրվա ֆիլմը լրագրողի մասին է։ Այն կոչվում է L’Oriana»,– ասաց Ջովաննի Ռիչուլլին։
Վերջինս նշեց, որ իրենց նպատակն է հայերին ծանոթացնել իտալական ժամանակակից ֆիլմերին, քանի որ դասական ֆիլմերին հայերը ծանոթ են։
«Մենք պետք է չսահմանափակվենք ոսկեդարյան ժամանակաշրջանով։ Պետք է առաջ շարժվենք և գնահատենք ներկայիս գործերը։ Սիրված ֆիլմեր ունեմ իտալական ժամանակակից ֆիլմերից»,– նշեց Հայաստանում Իտալիայի լիազոր դեսպանը։
Հետաքրքրվեցինք, արդյոք ինքը ծանոթ է հայկական ֆիլմերին, դեսպանը պատասխանեց. ««Նռան գույնը» ֆիլմի մասին գիտեմ։ Այն իր տեսակի մեջ միստիկ տարեր ունի։ Հիմա հայերեն եմ սովորում։ Հուսով եմ, հետագայում կկարողանամ ավելի շատ ֆիլմերի ծանոթանալ»,– հավելեց նա։
Ի դեպ, փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Scusate se esisto, Vinodentro, Bianca come il latte, rossa come il sangue, Occhi Chiusi ֆիլմերը։
Ամբողջությամբ՝ life.tert.am