Բրոդվեյի թատրոնները հայտարարել են գրեթե 1,5 մլրդ դոլարի չափով ռեկորդային դրամամուտքերի մասին
Advertisement 1000 x 90

Բրոդվեյի թատրոնները հայտարարել են գրեթե 1,5 մլրդ դոլարի չափով ռեկորդային դրամամուտքերի մասին

Բրոդվեյի թատրոնները ռեկորդ են սահմանել դրամակղային մուտքերի չափով, մեկ տարում նրանք գրեթե 1,5 մլրդ դոլար են ստացել: Այդ մասին ասված է «Բրոդվեյի լիգայի» (The Broadway League) հայտարարության մեջ:

Ինչպես նշել են այս ասոցիացիայում, որը միավորում է թատրոնների ավելի քան 700 սեփականատերերի ու օպերատորների, պրոդյուսերների ու այս ոլորտի այլ աշխատողների, 2016 թվականի մայիսի 29­-ից մինչև 2017 թվականի մայիսի 21­-ն ընկած ժամանակաշրջանում Բրոդվեյում տարբեր բեմադրություններ է դիտել ավելի քան 13,27 մլն մարդ:

Տոմսերի վաճառքը բերել է 1,45 մլրդ դոլար: Տարեկան այս ցուցանիշը ռեկորդային է այն հաշվարկների ողջ պատմության ընթացքում, որոնք անցկացնում են արդեն ավելի քան 30 տարի: Թատերական դրամամուտքերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 5,5 տոկոսով:

2015­-2016 թվականների համար արված գնահատումներով՝ այս ցուցանիշը կազմել է 1,37 մլրդ դոլար, իսկ հանդիսականների թիվը՝ 13,32 միլիոն: Վերջին հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսական տեսակետից հատկապես հաջող են եղել, մասնավորապես, «Նատաշան, Պիեռը և 1812 թվականի Մեծ գիսաստղը» ամերիկյան մյուզիքլը՝ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» էպոպեա­վեպի մոտիվներով, ինչպես նաև «Թանկագին Էվան Հանսեն» երաժշտական ներկայացումը՝ սոցիալական ցանցերում ժողովրդականություն վայելող երիտասարդի մասին:

Երկու բեմադրություններն էլ «Թոնի» մրցանակի են հավակնում մի ամբողջ շարք անվանակարգերում: Այս պարգևի հանձնման 71-­րդ արարողությունը հունիսի 11­-ին տեղի կունենա Նյու Յորքում: