Բժիշկ-սննդաբաններն ասում են, որ մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 30 մլ ջուր է պետք, այսինքն` եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Թեյը, ապուրը, նարինջը և «նույնիսկ գարեջուրը» հաշվից դուրս են, քանի որ դրանք օրգանիզմը չեն հագեցնում, ջրի պակասը չեն լրացնում:
Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմեք: Այո, փորձված մեթոդ է. մի բաժակ ջուրը կօգնի, որ քիչ ուտեք: Թեյն ու սուրճն էլ վայելեք առանց մի գրամ շաքարի: Սուրճն աշխատավայրում իսկական ծիսակատարություն է: Շատերն են հաշվում, թե օրական քանի գավաթ են պարպել կոլեկտիվի հետ կամ էլ ընկերական շրջապատում: Քանի բաժակ էլ խմելու լինեք, հիշեք` առանց շաքարի:
Սնունդը
Այն, ինչ ընտրում ենք, պետք է լինի լիարժեք ու հաշվեկշռված: Կնշանակի` չպետք է բացառել այս կամ այն մթերքը, որը հատկապես ազգային խոհանոցի սննդի մշակույթի մաս է կազմում:
Երբեմն զարմանում ենք` հիշելով, որ մեր պապերն ու նրանց պապերը չեն տառապել գիրությունից: Իսկ պատճառը ոչ թե գիտակցված սննդակարգն է եղել, այլ ծանր աշխատանքը: Այնպես որ, ոչ թե պետք է սննդաբաժնից հանել այս կամ այն սննդատեսակը, այլ պետք է վերացնել անկրթությունը, ավելի ստույգ` անկրթության ախտանշան հանդիսացող շատակերությունը. մի կերեք ավելի, քան պետք է ապրելու համար: Ու քանի որ մենք հող չենք մշակում ու քար չենք քաշում, մեզ շատ էլ պետք չէ:
Հաջորդ խորհուրդը փոքր չափաբաժինն է
Նայեք սովորականի պես լցված ձեր ափսեին. հատակը չի՞ երևում: Ուրեմն առաջին ձեր գործը պետք է լինի այն դատարկելը: Լցրեք այնքան, որ ափսեի տակը երևա: Եթե ուզում եք տապակած կարտոֆիլ ուտել, բարի ախորժակ, կերեք, բայց ոչ թե բրգաձև կիտված, այլ մի քիչ, մի բուռ: Կարելի է կոտլետ ուտել` մեկը, ավելի լավ է` դրա կեսը: Տոնական սեղանի շուրջն էլ բավարարվեք ոչ թե մեկ կտոր թխվածքով, այլ դրանից կտրած պատառիկով կամ էլ շատ բարակ շերտով: Դա ավելի լավ է, քան դիմանալը, կամքին բռնանալն ու գիշերը, բոլորի աչքից հեռու, սառնարանը դատարկելը: Շատ կանաչեղեն կերեք:
Մեզ պետք են թե՛ սպիտակուցներ, թե՛ ածխաջրեր և թե՛ բջջանյութ` վիտամիններով: Սակայն ինչքա՞ն ու ի՞նչ: Մարդն ամենակեր է:
Նախ հիշենք, որ ուտելուց առաջ մի բաժակ ջուր է պետք խմել. երբեմն ծարավը քաղցի հետ է շփոթվում: Եթե 20-30 րոպե հետո էլ քաղցի զգացումն ուժգնանում է, ապա պետք է թեթևակի ուտել, սակայն ոչ թե հացաբուլկեղեն կամ որևէ բուտերբրոդ, այլ մրգեր, բանջարեղեն: Թեկուզ բանան, չնայած բանանն էլ շատ կալորիական է: Մածուն կամ այլ կաթնամթերք` ըստ ցանկության: Եթե չեք սիրում, ստիպված եք սովորել:
Նախաճաշ, ճաշ ու ընթրիք
Պետք է ձգտել պարբերականության: Հարկավոր է ուտել հաճախ ու քիչ- քիչ. ասենք` նախաճաշին վարսակաձավար, մինչև ճաշը ընկած ժամանակահատվածում կարելի է միրգ ուտել, ճաշին` ապուր, ընթրիքին` ձուկ ու աղցան, իսկ քնելուց 2 ժամ առաջ` տաք կաթ կամ էլ մեղրով թեյ: Թեթևությունից բավականություն կստանաք:
Բեռնաթափման օր
Շաբաթական մեկ անգամ բեռնաթափվելը և մյուս օրերին ագահաբար խժռելը միայն ու միայն վնաս են բերում: Բեռնաթափման օրերը լավ են ճիշտ սննդակարգ ընտրելու դեպքում: Ոմանք բեռնաթափվում են պարբերաբար, շաբաթական մեկ օր: Կարելի է այդ հատուկ օրերին միայն ջուր խմել կամ էլ սահմանափակ տեսակի սննդամթերք օգտագործել: Ընդհանուր սկզբունքը, որին պետք է կանոնավոր կերպով հետևել, անցումն է բեռնաթափման ու ելքը դրանից: Այսինքն` բեռնաթափմանը նախորդող օրը պետք է արդեն սնունդը բաղադրությամբ թեթևացված լինի ու նվազ կալորիական, իսկ բեռնաթափմանը հաջորդող օրը կրկին աստիճանաբար ու զգուշորեն պետք է վերադառնալ սովորական սննդակարգի:
Մարզումներ
Երբ ցանկանում ենք ու փորձում ճիշտ սնվել, օրգանիզմը սկզբում ընդվզում է, հետո խորամանկում` կալորիաներ տնտեսելով: Քանի որ պահեստավորել չի կարող, մեզ կարծես գամում է բազմոցին կամ էլ բազկաթոռին. աշխատում ենք քիչ շարժվել ու շատ քնել: Այդ ժամանակ պետք է գնալ մարզասրահ: Սակայն ոչ թե ձևի, այլ հոգու համար: Մարզասրահում անցկացրած ժամանակը պինդ կուշտ ուտելուց հետո անարդյունավետ է, էլ չասած, որ կուշտ ստամոքսով պարզապես անհնար է մարզվել:
Ի վերջո, այս խնդրին համալիր մոտեցում է պետք. շատ հեղուկ, քիչ սնունդ ու շատ շարժում: Միայն ադպես կարելի է մարմինը, առողջությունն ու նյարդերը կարգի բերել: Ի վերջո, մի մոռացեք, որ քաղցը կամ զանազան սննդակարգերը նպաստում են արագ քաշը վերականգնելուն, եթե չասենք` էլ ավելի գիրանալուն:
Մասնագետներն ասում են, որ օրգանիզմը հիշողություն ունի, քաղցի հիշողությամբ` լի օրերին պահեստավորում է նեղ օրվա համար. չլինի՞ թե նրան կրկին քաղցած պահենք: